Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մարտի 18-ին Բաքվում հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուիս Բոնոյի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի երկկողմ եւ բազմակողմ համագործակցության օրակարգն ու հեռանկարները, տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի մի շարք ասպեկտներ։
«Նախարար Ջեյհուն Բայրամովն ուշադրություն է հրավիրել Մյունխենի անվտանգության համաժողովից եւ Բեռլինում կայացած հանդիպումներից բխող հարցերին, խաղաղ գործընթացում Ադրբեջանի ակնկալիքներին եւ գործընթացի շրջանակներում բաց մնացած հարցերի վերաբերյալ մեր երկրի դիրքորոշմանը։ Ընդգծվել է Ադրբեջանի հավատարմությունը խաղաղ գործընթացին»,-ասվում է հաղորդագրության մեջ։