Մոլդովայից անկախության ձգտող եւ չճանաչված Մերձդնեստրի արտաքին գործերի նախարարությունը իր տարածքում ռազմական ուղղաթիռի վրա իրականացված հարձակումից հետո դիմել է Քիշնեւի հետ բանակցությունների միջնորդներին։ Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դիմումը ուղարկվել է «հինգ գումարած երկու» բանակցային ձեւաչափում ներառված բոլոր մասնակիցներին (Մոլդովա, Մերձդնեստր, ԵԱՀԿ, Ռուսաստան, Ուկրաինա, ինչպես նաեւ դիտորդներ ԵՄ-ից եւ ԱՄՆ-ից)։
«Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դիմում է ուղարկել «հինգ գումարած երկու» միջազգային ձեւաչափի մասնակիցներին՝ կոչ անելով ակտիվ դիրք գրավել՝ խաղաղ Մերձդնեստրի դեմ ահաբեկչական գործողությունները ճնշելու նպատակով, կանխել լարվածության աճը եւ աջակցել Մոլդովա-Մերձդնեստրյան հակամարտության քաղաքակիրթ կարգավորման համար պայմանների ստեղծմանը»,-ռուսական TACC գործակալության փոխանցմամբ ասվում է Մրձդնեստրի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ՝ մարտի 17-ին, Մերձդնեստրի հեռուստաալիքները տեսանյութեր էին տարածել Տիրասպոլի հյուսիսում գտնվող նախկին ռազմական օդանավակայանում չճանաչված հանրապետության զինված ուժերի Ми-8МТ տրանսպորտային ուղղաթիռի ԱԹՍ-ով խոցման վերաբերյալ։
Մերձդնեստրի ղեկավարությունը պնդում է, որ հարձակումը իրականացվել է Ուկրաինայի տարածքից, իսկ Մոլդովան տեղի ունեցածը որակել է որպես սադրանք, որը ուղղված է տարածաշրջանում անկայունույթուն հրահրելուն։
Չճանաչված հանրապետության Նախարարությունը այսօր հրապարակած հաղորդագրության մեջ Քիշնեւին մեղադրել է «ագրեսիան խրախուսելու մեջ»։
«Մերձդնեստրին սպառնացող աննախադեպ ահաբեկչական սպառնալիքի առանձին դերակատարների կողմից լռեցնելը, որն արտահայտվել է վերջին երեք տարիների մի շարք ահաբեկչական հարձակումներով, ահաբեկչությունների շարունակությունը հրահրող բացասական գործոն է։ Դա հաստատում է միջադեպին Մոլդովայի քաղաքական ներկայացուցչի գրասենյակի ոչ ադեկվատ արձագանքը, որն իրականացվել է պարզունակ քարոզչության ոգով, որը խրախուսում է հետագա լարվածությունը»,-ասվում է հաղորդագրության տեքստում։