ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը մարտի 18-ին Բքվից ուղեւորվել է Թբիլիսի, որտեղ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը կրկին աջակցություն է հայտնել երկրի տարածքային ամբողջականությանը։
«Մենք լիովին աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Հարավային Օսիան եւ Աբխազիան Վրաստանի մաս են։ ՆԱՏՕ-ն շարունակում է կոչ անել Ռուսաստանին՝ չեղյալ համարել վրացական տարածքները որպես անկախ պետություններ ճանաչելը»,-ասել է Ստոլտենբերգը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մատնանշել է Ռուսաստանի կողմից Վրաստանի եւ Ուկրաինայի օկուպացված հատվածներում ընտրությունների անցկացման անօրինականությունը՝ հավելելով, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները «ոչ ազատ են եղել, ոչ արդար»։
Ստոլտենբերգի խոսքերով Վրաստանը, որը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից է, «բախվում է անվտանգության բարդ մարտահրավերների»։
Ռուսաստանը, նրա խոսքով, շարունակում է հետամուտ լինել կայսերական հավակնություններին, իսկ ուկրաինական ճակատում իրավիճակը շարունակում է ծանր մնալ։ «Ուստի շատ կարեւոր է, որ մենք շարունակենք մեծացնել մեր աջակցությունը», — ավելացրեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: