Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մարտի 18-ին Բաքվի վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի հրապարակում վառելով նովրուզ տոնի մեծ կրակը հայտարարել է, որ հրապարակն այլեւս կոչվելու է «Հաղթանակի հրապարակ»։
«Ես ուզում եմ իմ սիրելի ժողովրդին ասել, որ այս հրապարակն անվանել եմ «Հաղթանակի» հրապարակ։ Այսուհետ սա Հաղթանակի հրապարակն է»,-ասել է Ալիեւը։
Ադրբեջանի նախագահը նաեւ հայտարարել է, թե իբր Ստեփանակերտը դա պատմական ադրբեջանական քաղաք է, որը հիմնադրել է XVIII դարում Արցախի տարածքների վրա իշխած Փանահ Ալի խանը։ Ալիեւի խոսքերով նույնիսկ քաղաքի գլխավոր շինությունների ճարտարապետներն են եղել ազգությամբ ադրբեջանցիներ։
«Խորհրդային տարիներին Խանքենդին (Ստեփանակերտը) վերակառուցվել է Ադրբեջանի բյուջեի հաշվին՝ ադրբեջանցի ճարտարապետների եւ շինարարների կողմից։ Այստեղ շրջանային կուսակցական կոմիտեի շենքի հեղինակը Հասան Մաջիդովն է, շրջանային գործկոմի շենքը՝ Նասրուլլահ Քենգարլին, հյուրանոցի շենքը՝ Էնվեր Գասիմզադեն»,-հայտարարել է Ալիեւը։
Նրա խոսքերով այսօր Բաքուն հասել է տնտեսական զարգացման, տնտեսական անկախության եւ այսօր կախվածության մեջ չէ որեւէ երկրից նաեւ քաղաքականապես։
Խոսելով 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղի դեմ իրականցրած ռազմական գործողությունների մասին Ալիեւը հայտարարել է․ «Ցավոք, ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները դաս չդարձան Հայաստանի համար։ Եթե դաս դառնային, ապա հակաահաբեկչական գործողություն իրականացնելու կարիք չէր լինի»։