Վրաստանի ԱԳ նախարարությունը դատապարտել է չճանաչված Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տարածքներում ՌԴ նախագահական ընտրությունների անցկացումը։
«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Ռուսաստանի նախագահական ընտրությունների անցկացումը Վրաստանի օկուպացված շրջաններում եւ տեղամասերի անօրինական բացումը տեղի բնակչության զանգվածային ներգրավման նպատակով»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ինքնահռչակ Աբխազիայի Հանրապետությունում բացվել է 30 ընտրատեղամաս, իսկ Հարավային Օսիայում՝ 11։
«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնությանը կոչ է անում դադարեցնել այնպիսի գործողությունները, որոնք ուղղված են Վրաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ եւ կատարել իր միջազգային պարտավորությունները, ներառյալ 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Եվրամիության միջնորդությամբ»,-ավելացվում է Վրաստանի արտաքին գերատեսչության հայտարարության տեքստում։
Վրաստանի ԱԳՆ-ն նաեւ կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ կերպով գնահատել եւ արձագանքել «օկուպացված շրջաններում» Ռուսաստանի անօրինական գործողություններին, որոնք ուղղված են Վրաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ոտնահարմանը։