Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն միջազգային հանրությանը մեղադրել է «կարճ հիշողություն» ունենալու մեջ՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի քաղաքացիների վրա ՀԱՄԱՍ-ի «դաժան հարձակումը» մոռացության մատնելու համար։ Սրանից առաջ ԱՄՆ Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը քննադատել է Իսրայելի կառավարությանը եւ կոչ արել երկրում նոր ընտրություններ անցկացնել։
«Դուք այդքան արագ մոռացե՞լ եք հոկտեմբերի 7-ը՝ Հոլոքոստից հետո հրեաների ամենասարսափելի կոտորածը: Դուք այդքան շտապո՞ւմ եք Իսրայելին մերժել ՀԱՄԱՍ-ի հրեշներից պաշտպանվելու իրավունքը: Իսկապե՞ս այդքան արագ եք կորցրել ձեր խիղճը»,-ասել է Նեթանյահուն։
Մեկնաբանելով Իսրայելում ընտրություններ անցկացնելու Չակ Շումերի կոչը՝ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ սենատորի խոսքերը «բոլորովին տեղին չեն»։ Իսրայելի վարչապետը կարծում է, որ երկիրը պետք է կենտրոնանա ՀԱՄԱՍ-ի ոչնչացման վրա, եւ «ծիծաղելի» է պատերազմական գործողությունների ժամանակ խոսել ընտրությունների մասին։
Մարտի 14-ին Չակ Շումերը հայտարարել էր, որ Նեթանյահուի կոալիցիան այլեւս չի բավարարում Իսրայելի կարիքները 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո, երբ ՀԱՄԱՍ-ի անդամները ներխուժեցին Իսրայելի տարածք։ Իսրայելի կառավարության հայեցակարգը «Խրվել ու մնացել է անցյալում», նշել է սենատորը։
Ինչպես մարտի սկզբին հայտնել է Reuters-ը, Կոնգրեսում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամները նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ են արել հարակդերլ Իսրայելին կանխել Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը։ Հակառակ դեպքում նրանք սպառնացել են հրաժարվել Իսրայելին ռազմական օգնություն ուղարկելուց։