Հայաստանում բանկերի մեծ մասը դադարեցնում է «Мир» քարտերի սպասարկումն ու ընդունումը, գրում է РБК-ն՝ հղում անելով «ВТБ Армения»-ին եւ ռուսական վճարային շուկայի իր աղբյուրներին։
«Մարտի 30-ից քարտերից օգտվողներն այլեւս չեն կարողանա անկանխիկ վճարումներ կատարել POS տերմինալներում եւ կանխիկացնել հանրապետության այլ բանկերի բանկոմատներից»,- լրատվականին ասել է «ВТБ Армения»-ի ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ իր բանկը շարունակելու է աշխատել Միր քարտերով։
Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը եւ Վճարային քարտերի ազգային համակարգը, ի պատասխան РБК -ի հարցման, հայտնել են, որ յուրաքանչյուր երկիր եւ յուրաքանչյուր օտարերկրյա բանկ ինքնուրույն է որոշում կայացնում Mir քարտերը ընդունելու հարցում:
«Мир» քարտերի օպերատոր Վճարային քարտերի ազգային համակարգը 2024 թվականի փետրվարից հայտնվել է արեւմտյան պատժամիջոցների տակ։ Պատժամիջոցների հաստատման պահին քարտերը Ռուսաստանից դուրս աշխատել են Հայաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Վիետնամում, Վենեսուելայում, Կուբայում, ինչպես նաեւ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում։
«ВТБ Армения»-ն, գրում է РБК-ն, ունի 53 մասնաճյուղ (որոնցից 22-ը Երեւանում) եւ ավելի քան 190 բանկոմատ։