Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տեւական խաղաղության հասնելու երկարատեւ հակամարտությունից հետո: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հաջորդող համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք քննարկել ենք Հարավային Կովկասում կայունության կարեւորությունը, այն կարեւոր է Եվրոպաատլանտյան անվտանգության համար, քանի որ հիմա կանգնած ենք ավելի վտանգավոր աշխարհի առաջ։ Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տեւական խաղաղության հասնելու երկարատեւ հակամարտությունից հետո, կոչ եմ անում երկու երկրներին համաձայնության հասնել, որն ուղի կհարթի հարաբերությունների կարգավորման համար», — նշել է Ստոլտենբերգը:
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը նաեւ բարձր է գնահատել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները տարբեր ոլորտներում՝ նշելով․ «Հայաստանը վաղուց է ՆԱՏՕ-ի գործընկերը, դրական եմ գնահատում ձեր ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելություններին ու գործողություններին»։
Ստոլտենբերգը նաեւ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ խաղաղության ձգտումներին։