Երեւանը ակնկալում է միջազգային հանրության, այդ թվում ՆԱՏՕ-ի հաստատակամ աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի հարցում: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 19-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ակնկալում ենք միջազգային հանրության, այդ թվում ՆԱՏՕ-ի հաստատակամ աջակցությունը ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին, ինչպես նաեւ հարկադրանքի ու սպառնալիքի քաղաքականության մերժումը»,-ասել է ՀՀ վարչապետը։
Վարչապետը իր խոսքում նշեց, որ Ստոլտենբերգին ներկայացրել է Հարավային Կովկասում կայունություն եւ խաղաղություն հաստատելու Հայաստանի պատկարացումները եւ մոտեցումները։
«Գլխավոր քարտուղարին ներկայացրել եմ նաեւ 1991-ի ՀՀ-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային ետքաշման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման, չհարձակվելու մասին պայմանագրի ստորագրման առաջարկները, որոնք դրական արձագանք չեն ստացել պաշտոնական Բաքվից մինչ օրս»,-ասել է Փաշինյանը։
Վարչապետը ընդգծեց, որ Երեւանը հավատարիմ է նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին։ Նրա խոսքով Թուրքիայի հետ դեռեւս 2022-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը կարող է դրական ազդել հարավկովկասյան տարածաշրջանում կայունության հաստատման վրա։