Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը անընդունելի անձ՝ «պերսոնա նոն գրատա» է հայտարարել երկրում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին։ Այս մասին ասվում է երկրի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։
Քիշնեւի կողմից նման քայլի պատճառը Մերձդնեստրի տարածքում Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրությունների համար ընտրատեղամասերի բացումն էր։
Հայտարարության մեջ նշվում է, որ ընտրատեղամասերի բացման մասին հայտնի դառնալուց հետո, Մոլդովայի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել ՌԴ դեսպան Օլեգ Վասնեցովը ում փոխանցվել է բողոքի նոտա։
«ՌԴ դեսպանին պաշտոնապես ծանուցվել է, որ դեսպանատան աշխատակիցներից մեկը Մոլդովայի Հանրապետության տարածքում անցանկալի անձ է հայտարարվել եւ պետք է լքի երկիրը», — ասվում է Մոլդովայի արտգործնախարարության հայտարարության մեջ։
Մերձդնեստրում ՌԴ նախագահական ընտրություններում քվեարկության համար բացվել էր վեց ընտրատեղամաս, որոնցից երեքը՝ Տիրասպոլում, մեկական՝ Բենդերիում, Ռիբնիցայում եւ Գրիգորիոպոլում։ Մերձդնեստրի առաջին հեռուստաալիքը հայտնել է, որ ընտրատեղամասերը բացվում են «Ռուսաստանի դեսպանատան որոշման համաձայն»։ Սակայն Մոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանի իշխանություններին թույլատրել էր բացել միայն մեկ ընտրատեղամաս՝ Քիշնեւում ՌԴ դեսպանատան տարածքում։