Ֆրանսիան զորախումբ է պատրաստում Ուկրաինա ուղարկելու համար։ Այս մասին ռուսական РИА Новости գործակալության փոխանցմամբ ասել է ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Երկրի ներկայիս ղեկավարությունը թքած ունի հասարակ ֆրանսիացիների մահվան ու գեներալների մտահոգությունների վրա։ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությանը հասած տեղեկությունների համաձայն՝ արդեն զորախումբ է պատրաստվում Ուկրաինա ուղարկելու համար։ Սկզբնական փուլում այն կազմված կլինի մոտ երկու հազար մարդուց»,-ասել է Նարիշկինը։
Ինչպես նշել է ԱՀԾ տնօրենը, ֆրանսիացի զինվորականների մտավախությունը այն է, որ նման նշանակալի զորամիավորումը չի կարող աննկատ տեղափոխվել եւ տեղակայվել Ուկրաինայում։
«Այսպիսով, այն կդառնա առաջնահերթ լեգիտիմ թիրախ ռուսական զինված ուժերի հարձակումների համար։ Սա նշանակում է, որ նրանք կունենան բոլոր ֆրանսիացիների ճակատագիրը, ովքեր երբեւէ սրով են եկել ռուսական տարածք»,-ասել է ՌԴ արտաքին հետախուզական գերատեսչության ղեկավարը։
Նարիշկինը նաեւ նշել է, որ Փարիզը նկատելիորեն անհանգստացած է Ուկրաինայում սպանված ֆրանսիացիների թվի աճով։