Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը թոշակի անցնելու մտադություն չունի եւ ծրագրում է ցմահ մնալ այդ պաշտոնում, ասվում է նրա նոր ինքնակենսագրության մեջ:
«Life. My Story Through History»-ում 87-ամյա Ֆրանցիսկոսն ասում է, որ իր հրաժարականի «վտանգ չկա», չնայած ենթադրություններին, որ նա կարող է հեռանալ պաշտոնից առողջական մի շարք խնդիրների պատճառով:
«Ես հավատում եմ, որ Պապի ծառայությունը ցմահ է», — ասում է նա:
Այս տարվա սկզբին Ֆրանցիսկոսը վատառողջության պատճառով չեղարկել էր մի շարք հանդիպումներ ու լսումներ: Նա տառապում է գրիպի հաճախակի բռնկումներից, դժվարությամբ է քայլում, ավելի ու ավելի հաճախ օգտվում հաշմանդամի սայլակից:
Այսուհանդերձ, Ֆրանցիսկոսն ասում է, որ եթե «լուրջ ֆիզիկական խոչընդոտի» պատճառով իրեն ստիպեն հեռանալ պաշտոնից, նա «կտեղափոխվի Սանտա Մարիա Մաջիորեի բազիլիկա՝ ծառայելու որպես խոստովանահայր եւ հաղորդություն տալու հիվանդներին»։