Բուհերի փոխարեն պետք է կառավարական շենքերը տեղափոխել քաղաքից։ Այս կարծիքին է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, որի համոզմամբ ակադեմիական քաղաքի ստեղծման եւ բուհերի տեղափոխման որոշումը մասնագիտական հանրույթի հետ պատշաճ կերպով չի քննարկվել, իսկ հասարակությանը պարտադրվում է բավականին վատ խոսույթով։
Իրավապաշտպանը կրթական ու աշխատանքային մի շարք իրավուքների խախտում է նկատում, որոնց անդրադարձել է «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում։
«Մենք ուսանողությանը պետք է առաջարկենք բազմազան կրթություն, որը կլինի թե՛ մատչելի, թե՛ հեռանկարային, թե՛ մրցունակ։ Այդ երեք կետերով նմանատիպ գաղափարը որեւէ կերպ չի դիմանում քննադատության։ Սակայն այս դեպքում նախ խոչընդոտվում է կրթության իրավունքը մայրաքաղաքում։ Դրանից բացի՝ խախտվում է մշակութային հաստատություների միջեւ այն կապը, որը գրեթե մեկ դարաշրջան ստեղծվել է։ Համագործակցության մեծ շղթա կա երաժշտական տարբեր հաստատությունների միջեւ, որը վերանալու է, եթե, օրինակ, Կոնսերվատորիան փակվի»,-նշում է Հովհաննիսյանը՝ հավելելով, թե ուսանողները նաեւ պրակտիկայի հնարավորությունից են զրկվելու։
Ուսանողներից շատերը կրթությունը համատեղում են աշխատանքի հետ, իսկ այս պարագայում չեն ունենալու այդ հնարավորությունը, որովհետեւ ամեն ինչ կենտրոնացած է Երեւանում։
Նույն խնդրին են բախվելու նաեւ տարբեր առարկաների դասախոսները՝ բժիշկներ, երաժիշտներ, ֆիզիկոսներ, որոնք, դասավանդմանը զուգահեռ, մասնագիտական այլ աշխատանքով են զբաղվում մայրաքաղաքում։
Այս ամենից զատ՝ մեծ ներդրումներ անելուց հետո բնականաբար բարձանալու են նաեւ ուսման վարձերը, եւ ավելի դժվար է լինելու պետպատվերով՝ անվճար կրթություն ստանալու հնարավորությունից օգտվելը։ Սա սոցիալական խնդիրների կհանգեցնի։
Հովհանիսյանն ասում է՝ լավ կլիներ՝ մարզային նման կառույցները զարգանային, բայց պետք է հաշվի առնել, որ արդեն իսկ ամեն ինչ Երեւանում է կենտրանացած։ Փոփոխություն կատարելը պետք էր սկսել այդտեղից։ Իրավապաշտպանը նաեւ քաղաքական միտում է տեսնում հասարակության շարժիչ ուժին՝ ուսանողությանը, մեկ վայրում «փակելու» որոշման մեջ։
«Ուսանողությունը հասարակության ամենաակտիվ տարրն է, որը նաեւ նորարարական մտածելակեպ ունի։ Նրանց մի տեղում «փակելով», որտեղ ելումուտը շատ ավելի դժվար կլինի, նվազեցվելու է հանրային մասնակցությունը որոշումներոի կայացան հարցում»։
Ինչ վերաբերում է քաղաքի բեռնաթափմանը, բանախոսի կարծիքով, դրա լուծման համար պետք է ոչ թե բուհերը տեղափոխել, այլ ադմինիստրատիվ շենքերը։ Դրանք են մեծ տարածք զբաղեցնում, կայանման խնդիր առաջացնում եւ անմատչելի են հասարակության համար։
Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական կենտրոնի դեկան, կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն անիրատեսական է համարում ակադեմիական քաղաքի ստեղծումը՝ գոնե այս փուլում։ Արդեն իսկ հայտարարվել է, որ այդ քաղաքի ստեղծման համար առնվազն 10-15 տարի է անհրաժեշտ լինելու։ Աշխարհում էլ նման փորձ չկա, որ երկրի բոլոր բուհերը կենտրոնացած լինեն մեկ վայրում։
«Եղել են դեպքեր, երբ բուհերի տարածքները չեն բավարարել, եւ այդ ժամանակ լրացուցիչ մասնաշենքեր կամ մասնաճյուղեր են կառուցել ու տեղափոխել են այն ֆակուլտետները, որոնք անհրաժեշտ է եղել։ Համալսարանները փակել-տեղափոխելը նախեւառաջ նշանակում է վերացնել երկրի գիտական մշակույթը, որովհետեւ այդ բուհերը, գիտական կազմակերպություններն ունեն իրենց պատմությունը, միջազգային կապերը։ Եթե դրանք միավորում ենք ու տեղափոխում, նշանակում է՝ պատմությունը ջնջում ենք եւ ամեն ինչ սկսում զրոյից, որն անթույլատրելի է»,-«Ալիք մեդիա»-ի հետ զրույցում ասում է փորձագետը։
Նախագծի հեղինակները նշում են, թե մի քանի տարի անց հայաստանյան առնվազն չորս բուհերը պետք է ներառված լինեն միջազգային լավագույն բուհերի 500-յակում։ Ատոմ Մխիթարյանի կարծիքով՝ այդ ցուցանիշին հասնելու համար բազմաթիվ հանգամանքներ է պետք հաշվի առնել, որոնք անտեսվել են։
«Օրինակ՝ բարձր վարկանիշ ունենալու համար բուհում ուսանողների եւ դասախոսների հարաբերակցությունը չպետք է լինի այնպիսին, ինչպիսին հիմա է․ մեկ դասախոսին ավելի քիչ ուսանող պետք է հասնի։ Գիտական հետազոտությունները, միջոցառումները, հոդվածները պետք է ավելանան։ Պետք է ավելանա նաեւ միջազգային ուսանողների թիվը։ Իսկ վերջիններիս թիվը շատ կլինի այն ժամանակ, երբ մենք կարողանանք ոչ միայն հայերենով, այլեւ օտար լեզուներով դասավանդել։ Կարեւոր է նաեւ ֆինանսավորումը։ Սա միայն փոքր մասն է»,-ասում է Մխիթարյանը։
Անհրաժեշտ է հիշել, որ համալսարանները ոչ միայն կրթօջախի դեր են կատարում, այլեւ տարբեր սերտ կապեր ունեն այն համայնքի եւ միջավայրի հետ, որի տարածքում գործում են։ «Ամեն ինչ մեկ տեղում կենտրոնացնելով՝ մենք այդ բաղադրիչը զրոյացնելու ենք։ Բուհերը որեւէ կերպ չեն ծառայի համայնքային կյանքի զարգացմանը, կխզվի տարիներով ստեղծված արդյունավետ համագործակցությունը»։
Խնդիր կարող է առաջանալ նաեւ մասնավոր բուհերի տեղափոխման առումով։ Եթե պետական կառույցներում կառավարության դերը մեծ է՝ ներկայացված են հոգաբարձուների խորհուրդներում, որոշում կայացնելու իրավունք ունեն, ապա մասնավորները առանձին տնտեսվարող սուբյեկտներ են։ Կան միջպետական պայմանագրերով գործող ուսումնական հաստատություններ, որոնց ճակատագիրն անհայտ է։
Ոլորտի ներկայացուցիչներն առաջարկում են հաշվի առնել մասնագիտական հանրույթի տեսակետները, անցկացնել բազմակողմանի քննարկումներ, հաշվարկել հետեւանքներն ու որոշումները կայացնել ոչ թե պարտադրանքի, այլ քննարկման արդյունքում։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: