Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը գրառում է արել Տելեգրամի իր ալիքում՝ ներկայացնելով Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները։
«Ալիեւի փաստացի խոսնակ Թոֆիգ Զուլֆուգարովը հեգնանքով ասում է, որ իրենք Հայաստանին ներկայացրել են ոչ միայն «չորս գյուղերի», այլեւ պահանջներ են ներկայացրել Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի նկատմամբ։
Ըստ Զուլֆուգարովի, Փաշինյանը փորձում է թեման շեղել, բայց դա իրեն չի հաջողվի»,-գրում է Հայրապետյանը։
Զուլֆուգարովը դժգոհ է բոլշեւիկների ժամանակ կատարված անարդար բաժանումից՝ համարելով, որ իբր Գյոյչայի (Սեւանի) կեսն Ադրբեջանինն է։ Այսպիսով, ըստ Տաթեւիկ Հայրապետյանի՝ Բաքուն ձգտում է խմելու ջրի պաշարների վրա վերահսկողության։
«Ադրբեջանն իրապես լուրջ խնդիրներ ունի խմելու ջրի պաշարների հարցում, որոնք էլ փորձելու է մեր հաշվին լուծել: Սա հերթական ապացույցն է, որ չկա բանակցային տրամաբանություն, Ադրբեջանը ոչնչի համաձայն չէ, որեւէ քարտեզ որպես հիմք չի ընդունում, ուստի միակողմանի հերթական զիջումը ոչ միայն խաղաղություն չի բերելու, այլեւ ավելի խոցելի է դարձնելու Հայաստանը»,-գրել է Հայրապետյանը։