Իսրայելը եւ արաբական մի քանի երկրներ գաղտնի բանակցություններ են վարում Գազայի հատվածում մարդասիրական օգնության բաշխման համար հատուկ խումբ ստեղծելու շուրջ, որը պետք է բաղկացած լինի ՀԱՄԱՍ շարժման հետ կապ չունեցող պաղեստինցիներից։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով արաբ եւ իսրայելացի պաշտոնյաներից ստացված տեղեկատվությանը։
Ամերիկյան պարբերականի փոխանցմամբ ենթադրվում է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո այն պետք է հիմք դառնա Պաղեստինի հետպատերազմյան նոր վարչակազմի ձեւավորման համար։
Աղբյուրները նշել են, որ Իսրայելի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան բանակցություններ է վարել Եգիպտոսի, Հորդանանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչների հետ, որի նպատակը Գազայում մարդասիրական օգնություն բաշխելու համար պատասխանատու խումբ ստեղծելու ծրագրի շուրջ տարածաշրջանի երկրների աջակցությունը ստանալն է: Ծրագիրը ենթադրում է իսրայելական հատուկ ծառայությունների կողմից մանրազնին ուսումնասիրություններից հետո ծովից եւ ցամաքից հումանիտար օգնության մատակարարում Գազա, որի բաշխումը տեղում արդեն կիրականացնի ՀԱՄԱՍ-ի հետ կապ չունեցող պաղեստինցիների հատուկ խումբը։
Խմբի մեջ կարող են ներառվել ՀԱՄԱՍ-ի հակառակորդ Պաղեստինի ազատագրության շարժման (ՖԱԹՀ) նախկին անդամները։ WSJ-ի աղբյուրների համաձայն՝ ռազմական գործողությունների ավարտից հետո հենց այդ մարդիկ պետք է ստանձնեն Գազայի կառավարման լիազորությունները։
Իսրայելի կառավարության ներկայացուցիչները պարբերականի հետ զրույցում մտավախություն են հայտնել, որ ՀԱՄԱՍ-ը եւս մեկ անգամ կարող է վերականգնել իր վերահսկողությունը Գազայի վրա, ուստի նման զարգացումը կանխելու համար անհրաժեշտ է ներգրավել Պաղեստինի ազգային վարչակազմի ներկայացուցիչներին մարդասիրական օգնության բաշխման գործընթացում, իսկ ապագայում՝ հատվածի հետպատերազմյան կառավարման համակարգում։
Միեւնույն ժամանակ, ինչպես գրում է WSJ-ն, Միացյալ Նահանգները եւ արաբական կառավարությունները ճնշում են գործադրում Իսրայելի վրա՝ պահանջելով Գազայի հատվածի բնակիչների համար ապահովել մարդասիրական օգնության մուտքը եւ շրջանի հետպատերազմյան կառավարման կոնկրետ տեսլական ներկայացնել։
Իսրայելացի աղբյուրները նշել են, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուն դեռ չի հաստել այդ ծրագիրը։ Նրանց կարծիքով, դրա իրականացումը կարող է հանդիպել նաեւ ՀԱՄԱՍ-ի դիմադրությանը։
ՀԱՄԱՍ-ի անվտանգության ծառայության ներկայացուցիչն էլ պարբերականին ասել է, որ իրենք «երկաթե բռունցքով կհարվածեն ցանկացածին, ով կփորձի միջամտել Գազայի հատվածի ներքին ճակատին»։