Միջուկային էներգիայի գագաթնաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ: Այս մասին ասվում է վարչապետի աշխատակազմի հաղորդագրության մեջ։
Դրանում նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցությանը վերաբերող հարցեր:
Կողմերը կարեւորել են Հայաստանում Բելգիայի դեսպանության բացումը եււ համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի բազմաոլորտ փոխգործակցությանը:
Փաշինյանը եւ Դը Քրուն անդրադարձել են Հարավային Կովկասում առկա իրավիճակին, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի գործընթացին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին:
Հայաստանի վարչապետը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ դրա սկզբունքները: Տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման գործում երկուստեք կարեւորվել է ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում:
Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը վերաբերող հարցերին: