87-ամյա Հելբերտ Ալեքսանյանին տարիքը չի խանգարում, որ ամեն առավոտ նույն ժամին քաղաքի մի ծայրից մյուսը գնա, բացի արհեստանոցի դուռն ու գործի գցի հաստոցները։ Կիրովականի գիտահետազոտական ինստիտուտի երկարամյա աշխատակիցն իրեն մեկ օր անգամ առանց աշխատելու չի պատկերացնում․ դրա շնորհիվ է երկար եւ ուրախ կյանք ապրել։
Ավտոմատիկայի գործարանում աշխատելու տարիներին բազմաթիվ նորարարություններ է արել, կենցաղում անհրաժեշտ իրեր նախագծել ու պատրաստել, որոնք որպես հայկական արտադրանք ներկայացվել են աշխարհի տարբեր երկրներում կազմակերպված ցուցահանդեսներում։ Իսկ ծորակի տնտեսող փականի գյուտի համար պետությունը նրան բնակարան է նվիրել։
Հելբերտ Ալեքսանյանը երանությամբ է հիշում արտասահմանյան գործուղումները, որոնցից մեկի ժամանակ հյուրընկալվել են Հնդկաստանի վարչապետի նստավայրում։
«Ինդիրա Գանդիի այգուց ընկերոջս հետ մանդարին ենք պոկել, ասինք՝ բա չպատմե՞նք, երբ վերադառնանք։ Էդ ժամանակ ինձ գործուղել էին ցուցահանդես մոնտաժելու։ Մի անգամ գնացել եմ, տեսել են, որ կարողանում եմ գործն անել, ու հինգ տարի անընդմեջ եղել եմ Հնդկաստանում»։
Մինչ Հայաստանում Սպիտակի ավերիչ երկրաշարժի ծանր հետեւանքներն էին փորձում հաղթահարել, փլուզվում է Խորհրդային Միությունը։ Ամբողջ կյանքը Կիրովականի «Ավտոգենմաշ»եւ «Ավտոմատիկա» ձեռնարկություններին նվիրած Հելբերտ Ալեքսանյանը աշխատանք ունենալու համար Ռուսաստան է գնում։
«Ամեն ինչ քանդվում էր, ամեն մարդ իր կյանքն էր ստեղծում։ Վատ տարիներ էին, ժողովուրդը շատ տանջվեց, ընկավ դեսուդեն։ Տվերում շատ մեծ արտադրամաս սարքեցի, երկաթյա դռների կաղապարներ էինք պատրաստում, վրայից փայտ քաշում։ Հիմա չինականը լիքն ա, էն ժամանակ չկար։ Մոսկվայի մարզում գործարաններ էին կառուցվում, ու շատերը մեր արտադրամասում էին դռներ պատվիրում»։
Երբ փոխվել են «կյանքի դրվածքն ու ապրելու եղանակը», Հելբերտ Ալեքսանյանը Հայաստան է վերադարձել։ Հաստոցներ է գնել եւ մասնագետ ընկերների օգնությամբ 2000 թվականին Վանաձորում մեխանիկական վերանորոգման արտադրամաս հիմնել։ Ասում է՝ 10-15 հոգի կարողանում էին տուն գումար տանել։ Հետո երիտասարդների է աշխատանքի ընդունել, սովորեցրել նրանց խառատի գործը, որ մասնագետ դառնան, միշտ եւ ամենուր կարողանան գումար վաստակել։
«Էն ժամանակ (ԽՍՀՄ տարիներին) դու ստեղծելու իրավունք քիչ ունեիր, պետությունն ինքը որոշում ու քեզ ասում էր՝ սա՛ պետք ա անես։ Ուրիշ բան անելու իրավունք չկար։ Իսկ հիմա դու ազատ ես, ինքդ պիտի անես քեզ համար։ Ու ես տեսնում եմ, որ մեր ջահելներն արդեն մտնում են դրա մեջ։ Շատ լավ սերունդ ունենք, ու մեր կյանքը շատ լավն է լինելու։ Էսօր ում գլուխը աշխատում ա, նա ստեղծում ա, գնում ա առաջ»։
Տարեց վանաձորցու աշխատանքային ընկերները վաղուց են վաստակած հանգստի անցել։ Ինքը մտադիր չէ․ անելիք շատ ունի։ Հիմա տարատեսակ հաստոցների գծագրերն է թղթին հանձնում՝ սերունդների համար։ Ասում է՝ նոր հնարավորությունների ժամանակաշրջան է, պետք է գնահատել եւ կարողանալ օգտվել դրանցից։
«Ամեն մարդ պետք ա գտնի էն, ինչ ինքը կարող է անի։ Նայում են կողքինին, տեսնում, որ ինչ-որ բան է անում, բայց իրանք դրա հնարավորությունը չունեն։ Ամենքն իր հնարավորության ու խելքի չափ պետք է անի։ Աշխատանք միշտ կա, ուղղակի դեռ կան մարդիկ, որ սովոր են էն ժամանակվա պես չաշխատել ու ապրել։ Պետությունը պահում էր, իրենք գոյատեւում էին։ Հիմա դա չկա՝ քիչ աշխատեն, շատ ստանան ու լավ ապրեն։ Հիմա աշխատելու, ստեղծելու , աշխարհի հետ կապվելու ժամանակներ են»։
Հելբերտ Ալեքսանյանի երեխաները, թոռներն ու ծոռները Հայաստանից դուրս՝ տարբեր երկրներում են ապրում։ Թոռներից միայն մեկն է իր կողքին՝ Վանաձորում, բայց միայնության զգացում, ասում է, երբեք չի ունենում։ Միասին բոլոր հեռավորների ծննդյան օրերն են պարտադիր նշում, նաեւ՝ երկրի տոները։ Գործից դուրս կամ հենց արհեստանոցում հին ընկերներին է հաճախ հյուրընկալում, մարդկանց, ովքեր «հիշեցնում են Կիրովականի կոլորիտը»։
«Մեր ժողովրդի պես չկա՝ միամիտ, մարդասեր, խելացի։ Երբեք չեմ մտածել ընդմիշտ գնալ էստեղից։ Գնում եմ Ռուսաստան, Կանադա, էրեխեքիս տեսնում, հետ գալիս։ Նրանց ու մեր կյանքը ուրիշ ա, մենք ուրիշ ենք, նրանց նման չենք։ Ուրախ եմ, որ հեռվում են ու շատ լավ են։ Ես էլ էստեղ եմ լավ»։
Այնքան լավ, որ արհեստանոցի հարեւանությամբ գտնվող շինությունը գնել եւ տուն է կառուցում։ Հիշում է՝ գերմանացի ռազմագերիներ էին այդտեղ աշխատում, որոնց հայրը հաճախ էր մեքենայով տեղափոխում։
Տունը երեխաների համար է։ Կվերադառնան, թե ոչ՝ չգիտի։ Ինքը սովոր է ստեղծել եւ ստեղծում է։ Այդպես պետք է ապրեն բոլորը։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։