Մարդիկ ծերանալուն պես լրացուցիչ բժշկական օգնության եւ խնամքի կարիք են զգում: Մեծամասնությունը պետպատվերի շրջանակներում օգտվում է պետական բուժհիմնարկներից, դրա համար այնտեղ տարեցների կոնտինգենտն ավելի մեծ է:
Հայաստանում տարեցների հետ աշխատում են թերապեւտները եւ ընտանեկան բժիշկները: «Հատկապես ծերերի հետ աշխատելը բարդ գործընթաց է` հասակին բնորոշ ֆիզիոլոգիական եւ հոգեբանական առանձնահատկություններով պայմանավորված»,-ասում է թերապեւտ Կարինե Ստեփանյանը:
Ամբողջ աշխարհում տարեցների թիվն աճում է։ 2050 թվականին 65 եւ ավելի բարձր տարիքի մարդկանց թիվը 761 միլիոնից (2021 թվական) կդառնա 1.6 միլիարդ: Այսօր տարեցներն ամենաշատը Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում են։
Ըստ ՄԱԿ-ի` երկրի բնակչությունը ծերացող է, եթե 7%-ից ավելին 65 եւ բարձր տարիքի է: Հայաստանում (2019 թվական) ցուցանիշը 12.8% է:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կանխատեսմամբ ծերացմանն ուղղված համապատասխան միջոցառումների ոչ լիարժեք իրականացման կամ բացակայության դեպքում 2050 թվականին այն կդառնա 22-23%:
Այդ միջոցառումները լիարժեք չեն այն իմաստով, որ Հայաստանում չկան գերիատրներ: Դա է պատճառը, որ ամբողջ բեռն ընկնում է թերապեւտների եւ ընտանեկան բժիշկների ուսերին: Կարինե Ստեփանյանն ասում է` իրենք օգնում են տարեցներին, բայց տվյալ ոլորտում ավելի խորը գիտելիքներ ու նեղ մասնագիտացում ունեցող բժիշկներ՝ գերիատրներ են հարկավոր, այդ հարցում պետությունը պետք է շահագրգռված լինի:
Գերիատրիան տարեցներին տրամադրվող բժշկական օգնությունն է, իսկ գերոնտոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է ծերացման սոցիալական, հոգեբանական, կենսաբանական ասպեկտները եւ այն փոփոխությունները, որոնց բախվում են մարդիկ տարիքի հետ:
Հայաստանում կա Գերիատրիայի եւ գերոնտոլոգիայի հայկական ասոցացիա, որի բուն նպատակը տարեցների կյանքի որակը բարձրացնելն է։ Ղեկավար Արթուր Թորոսյանն ասում է` քանի որ դիպլոմավորված գերիատրներ չկան, հեռահար նպատակը մասնագետներ կրթելն է. «Նախնական պայմանավորվածություններ կան Երեւանի պետական բժշկական համալսարանի եւ Առողջապահության ազգային ինստիտուտի հետ գերիատրիայի ամբիոն ունենալու»։
Ի տարբերություն Հայաստանի` ամբողջ աշխարհում զարգացած է գերոնտոլոգիան: Օրինակ` Մեծ Բրիտանիայում գերոնտոլոգների ընկերությունը բարձրացնում է ծերացման կարեւորությունը եւ ուշադրություն հրավիրում դրա սոցիալական, տնտեսական ու քաղաքական հետեւանքների վրա։
Յուրաքանչյուր մարդ աշխարհի յուրաքանչյուր երկրում պետք է կարողանա ապրել երկար եւ առողջ կյանքով: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ունի «Առողջ ծերացում» հայեցակարգը, որը սահմանվում է որպես «ֆունկցիոնալ կարողությունների զարգացման եւ պահպանման գործընթաց, որն ապահովում է ծերության բարեկեցությունը»:
Հայաստանում խնդիր է ոչ միայն գերիատրների բացակայությունը, այլեւ հասարակության վերաբերմունքը տարեցների նկատմամբ. կա կարծրատիպ, որ ուշադրության կենտրոնում պետք է պահել երիտասարդներին. նրանք են հասարակության կորիզը: Գերիատրիայի եւ գերոնտոլոգիայի հայկական ասոցացիան իր գործունեությամբ ուզում է հակառակն ապացուցել. «Տարեցը մեծ ռեսուրս է իր գիտելիքով, փորձով եւ ամեն ինչով»:
Հիմնադիր նախագահ Արթուր Թորոսյանը պնդում է`եթե տարեցը հոգեբանական, սոցիալական կամ առողջական որեւէ խնդիր ունի, առաջինը տուժում են երիտասարդները, որովհետեւ խնամք կազմակերպելը բարդ է հենց իրենց համար:
Հայաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ, օրինակ` Կարմիր խաչը կամ Կարիտասը խնամքի հարցում օգնում են տարեցներին:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւս ունի տարեցների խնամքի ծրագրեր եւ ծառայություններ:
Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետի տեղակալ Արթուր Կեշոյանն ասում է` տրամադրում են առաջնային բժշկական օգնություն եւ սպասարկում: Ունեն տնային պայմաններում խնամքի ծառայություններ. սոցիալական սպասարկողը ապահովում է շահառուի անձնական հիգիենան, օգնում է կենցաղային հարցերում, բժշկի կանչ է գրանցում, հարկ եղած դեպքում պոլիկլինիկա ուղեկցում:
Առողջապահության նախարարության օրակարգում էլ կան առողջ ծերացման արշավներ, իրազեկման նյութեր եւ այլն:
Այնուամենայնիվ, աջակցության ինչ ձեւեր էլ լինեն, հաշվի առնելով, որ Հայաստանը ծերացող երկիր է, գերոնտոլոգիայի զարգացումը եւ բժիշկ-գերիատրի մասնագիտական օգնութունը ավելի է կարեւորվում։
Եթե պետությունն այս առումով էական քայլեր չձեռնարկի, այն լոկ երազանք կմնա։ Իհարկե, պետական լրջմիտ քաղաքականությունից բացի կարեւոր է մեզանից յուրաքանչյուրի վերաբերմունքը, իսկ դա սկսվում է տարեցների նկատմամբ տարրական հարգանքից:
Լիլիթ Ապրեսյան