Հայաստանը ուշադրություն է դարձնում Թուրքիայի պաշտոնական հռետորաբանության վրա, որը կարող է ե՛ւ խթանել, ե՛ւ վտանգել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները։ Այս մասին հունական Ekathimerini թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Պատասխանելով լրագրողի այն հարցին թե արդյո՞ք Հայաստանում նկատում են Անկարայից հնչող հռետորաբանության մեղմացում Փաշինյանը նշել է․ «Թուրքիան տարածաշրջանային խաղացող է, եւ բնական է ակնկալել, որ նա պետք է հավասարակշռված դիրքորոշում ունենա տարածաշրջանում տեղի ունեցող տարբեր զարգացումների վերաբերյալ։ Ոչ պակաս ուշարություն է դդարձվում Թուրքիայի պաշտոնական հռետորաբանության վրա, որը կարող է եւ՛ խթանել, եւ՛ վտանգել գործընթացները։ Մյուս կողմից, Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունն ուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության եւ համագործակցության խթանմանը»։
Վարչապետը նաեւ հիշեցրել է, որ Հայաստանն ու Թուրքիան սկսել են հարաբերությունների կարգավորման գործընթաց, որն առաջին հերթին ուղղված է երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը եւ սահմանների լիարժեք բացմանը։
«Այս գործընթացի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար հայ-թուրքական ցամաքային սահմանների բացման վերաբերյալ։ Այնպես որ, մենք իսկապես հավատում ենք, որ այս համաձայնագրի իրականացումը դրական ազդեցություն կունենա նաեւ տարածաշրջանային դինամիկայի վրա»,-հավելել է Փաշինյանը։