Հայաստանը դիվերսիֆիկացնում (բազմազանեցնում) է հարաբերությունները անվտանգության հարցերի շուրջ։ Այս մասին հունական Ekathimerini թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Երեւանը պատրաստ է արտաքին քաղաքականության մեջ որդեգրել առավել արեւմտյան մոտեցում։
«Կարող եմ նշել, որ Հայաստանը բաց է բոլոր գործընկերների հետ փոխշահավետ հարաբերություններ հաստատելու եւ զարգացնելու համար եւ ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն եւ հարատեւ խաղաղության հաստատման հարցում։ Այդ նպատակով մենք դիվերսիֆիկացնում ենք մեր հարաբերությունները անվտանգության հարցերի շուրջ»,-նշել է Փաշինյանը։
Անդրադառնալով լրագրողի այն նկատառմանը, որ Հայաստանը վերջերս սառեցրել է իր մասնակցությունը Ռուսաստանի հետ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), իսկ ադրբեջանական հարձակման նկատմամբ Ռուսաստանի մեղմ դիրքորոշումը մտահոգություն է առաջացրել քաղաքացիների շրջանում, վարչապետը հիշեցրել է, որ այդ ամենի պատճառը կազմակերպության կողմից Հայաստանի նկատմամաբ իր ունեցած պարտականությունները չկատարելն է։
«ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ստանձնած անվտանգության պարտավորությունները, մասնավորապես 2021-2022թթ-ին։ Գործնական արդյունքը այն է, որ մենք փաստացի սառեցրել ենք մեր մասնակցությունը կազմակերպությունում»,-ասել է Փաշինյանը։
Վարչապետը նաեւ ավելացրել է, որ 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ Հայաստանը չունի մշտական ներկայացուցիչ ՀԱՊԿ-ում եւ չի մասնակցում ՀԱՊԿ բանակցություններին բարձր եւ ամենաբարձր մակարդակով։ «Սակայն մենք ոչ թե արգելափակում ենք ՀԱՊՀ որոշումները, այլ չենք մասնակցում դրանց»,-նշել է Փաշինյանը։