Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում նոր ցուցահանդես է բացվել։ Նկարիչ Վարդան Վարդանյանի եւ դեկորատիվ կիրառական արվեստի մասնագետ Մարգարիտա Վերանյանի աշխատանքները ներկայացված են «Գարուն» խորագրով։
Վարդան Վարդանյանի գրաֆիկական դիմանկարների մեծ մասը 2024-ին են արվել, մի քանիսն էլ ուսանողական տարիների գործեր են։ Այդպես է ներկայացրել, որ հանդիսատեսն իր ստեղծագործական երկու շրջանները համեմատելու հնարավորություն ունենա։
Նկարչի աշխատանքների զգալի մասը Լոռու մարզի Շնող գյուղի արվեստի դպրոցում են պահվում․ նա 1985-ից մինչ օրս այդ կրթօջախում է աշխատում։ Հենց 80-ականների վերջն է Վարդան Վարդանյանը ստեղծագործական բուռն շրջան համարում, հետո վերջին երկու տարիները՝ 2022-24 ժամանակահատվածը։
«Դադարը, պասիվությունը պայմանավորված են ժամանակներով։ Երկրի տնտեսության վիճակից է կախված պահանջարկը։ Հետո մշակույթը անհրաժեշտություն չի պատերազմական շրջանում, պետք է խաղաղություն լինի, որ կարողանաս ստեղծագործել։ Իսկ հատուկենտ ինչ-որ բան անելը ընդամենը արվեստը չմոռանալու համար է, ոչ թե աճելու։ Բացի այդ, Էստեղ՝ ձորում, մեր ստեղծագործությունները պետք չեն ոչ մեկին, ես էլ երբեք դուրս գալու ցանկություն չեմ ունեցել»,- իր՝ մոտ երեք տասնամյակի ստեղծագործական դադարն է պարզաբանում նկարիչը։
Գրաֆիկական աշխատանքներից բացի Մարգարիտա Վերանյանը ցուցադրում է նաեւ բատիկա եւ տարազ՝ հարսանեկան, ընտանեկան ու Ղարաբաղի։ Շուտով այս շարքը կհամալրի Լոռվա ազգային հագուստը։
«Բոլորը ձեռքի աշխատանքներ են, ինքս եմ ձեւել եւ կարել։ Արծաթե գոտիներն էլ անձնական հավաքածուից են՝ տարբեր բնակավայրերից բերված։ Ճիշտ է՝ հայկական ազգային հագուստի մեջ գերակշռողը կարմիրն է եղել, բայց որպեսզի հիմա հարսներին կարողանանք հագցնել տարազը, սպիտակ-կաթնագույնի մեջ եմ կարել։ Ասեղնագործել եմ, զարդարել բնական մարգարիտներով, որոնք նույնպես տարբեր տեղերից են բերված»,- ասում է Մարգարիտա Վերանյանը։
Արվեստագետի «Տարազ» նախագիծը ստեղծվել է Ալավերդու «Մենձ էր» քարայր-թանգարանում ներկայացնելու նպատակով, որտեղ մեծ է օտարերկրացիների հոսքը։
Մարգարիտա Վերանյանի նպատակն է հասնել նրան, որ հայ հարսնացուները առաջնահերթություն տան ազգայինին։ Այլապես ստեղծագործելը, ճաշակ ձեւավորելը արվեստագետի համար անիմաստ կդառնա, ասում է։
Մարգարիտա Վերանյանը եւ Վարդան Վարդանյանը մինչ համատեղ այս ցուցադրությունը Հայաստանի նկարիչների միությունում վարկանշային ցուցահանդեսների են մասնակցել։ Նրանք հավակնում են այս կազմակերպության անդամ դառնալ։
Ալավերդու պատկերասրահի ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ ապրիլի 10-ը։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։