Գազայի հատվածում ռազմական գործողության մեկնարկից ի վեր իսրայելական բանակը «ջախջախել է» պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման 24 գումարտակներից 20-ը։ Այս մասին գրում է The Washington Post-ը։
Սակայն, ինչպես նշում է պարբերականը, իսրայելացի զինվորականների օգտագործած տերմինը չի նշանակում, որ ՀԱՄԱՍ-ի ստորաբաժանումները «ամբողջությամբ ոչնչացվել են», քանի որ ողջ մնացած մարտիկները դեռեւս կարող են շարունակել մարտը։
Նշվում է, որ պաշտոնական տվյալներով Գազայի հատվածում ընթացող ռազմական գործողությունների ժամանակ իսրայելական բանակը ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի 11,5 հազարից 13 հազար մարտիկի։
Ըստ իսրայելական բանակի պաշտոնյաների՝ մնացած չորս գումարտակները տեղակայված են Եգիպտոսի հետ Գազայի հատվածի սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում եւ պահպանում են մարտունակությունը: Զինվորականները զգուշացրել են, որ իրենց ուշադրությունը շուտով կարող է ուղղվել հենց այդ չորս «մարտունակ» ռազմական կազմավորումների վրա։
Մարտի 22-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի մնացած գումարտակների ոչնչացումն անհնար է առանց Ռաֆահում ցամաքային գործողություններ իրականացնելու։ Շրջանի հարավում գտնվող այս քաղաքում ապրում է մոտ 1,4 միլիոն պաղեստինցի, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները մարտերի պատճառով: