Նոբելյան մրցանակի 39 դափնեկիրներ համաշխարհային հանրությանը կոչ են արել աջակցել Ռուսաստանի ժողովրդավարական ընդդիմությանը, ուժեղացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը՝ ռուսական ներխուժումը հետ մղելու համար, եւ չճանաչել Վլադիմիր Պուտինին որպես երկրի նախագահ:
Նամակի տեքստը հրապարակվել է «T-invariant» գիտական հրատարակության կայքում։
«Ուկրաինայի պատերազմը եւ Ալեքսեյ Նավալնիի սպանությունը չեն վերաբերում միայն Ռուսաստանին եւ Ուկրաինային։ Պուտինյան ռեժիմը ցույց տվեց, որ ուղղակի եւ հստակ սպառնալիք է ողջ մարդկության համար։ Մարդկությունը կարող է խուսափել ինքնաոչնչացումից միայն այն դեպքում, եթե հավատարիմ մնա ժողովրդավարության սկզբունքներին եւ մարդու իրավունքների միջազգային իրավունքին։ Պուտինյան ռեժիմը ցինիկաբար ոտնահարել է դրանք․․․։ Կոչ ենք անում համաշխարհային առաջնորդներին եւ բարի կամքի բոլոր մարդկանց հրաժարվել պարոն Պուտինի եւ նրա հանցավոր ռեժիմի շուրջ ունեցած պատրանքներից»,-ասվում է նամակի տեքստում։
Տեքստում ընդգծվում է, որ Նավալնին եւ ռուս ընդդիմության մյուս առաջնորդները նախազգուշացրել են աշխարհին Պուտինի սպառնալիքի մասին՝ «հետեւելով իրենց մեծ նախորդին»՝ 1975 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր ակադեմիկոս Անդրեյ Սախարովին։
«Ռուսների՝ ժողովրդավարական ապագայի հույսերը» ամրապնդելու համար հեղինակներն առաջարկում են ապահովել Ուկրաինայի հաղթանակը Ռուսաստանի հետ պատերազմում։