Հիմքեր կան ենթադրելու, որ Իսրայելը Գազայի հատվածում ցեղասպանության հանցագործություններ է կատարում։ Այս մասին հայտարարել է Պաղեստինի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն։
«Լուրջ պատճառներ կան ենթադրելու, որ Իսրայելը ցեղասպանության հանցագործություն է կատարում Պաղեստինի ժողովրդի նկատմամբ։ Երեք փաստ ստիպում է մտածել այս մասին։ Դրանք խմբի անդամների զանգվածային սպանություններն են, խմբի անդամների նկատմամբ ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունների կիրառումը եւ խմբի անդամների համար անմարդկային կենսապայմանների ստեղծումը»,-նշել է Ալբանեզեն եւ հավելել, որ Իսրայելի պաշտոնյաների հայտարարությունները հաստատում են իր ներկայացած տեսությունը։
Միաժամանակ հատուկ զեկուցողը նշել է, որ դեռ վաղ է խոսել Իսրայելին զենք մատակարարող պետությունների Գազայում տեղի ունեցողի հետ հանցակից լինելու մասին։