Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին, սակայն կազմակերպությունից դուրս գալու մասին ծանուցումներ չի ուղարկել։ Այս մասին ռուսական «Национальная оборона» պարբերականի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Երեւանն իսկապես վերջին շրջանում չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին… Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների հիշատակված հայտարարությունների առնչությամբ նշում եմ, որ Երեւանի քարտուղարությունը ՀԱՊԿ-ին անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չի ստացել»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, ում խոսքերը մեջբերում է «Коммерсантъ»-ը։
Նա նաեւ նշել է, որ քարտուղարությունը պարբերաբար տեղեկացնում է Երեւանի համապատասխան կառույցներին ընդունված եւ ընդունման ենթակա որոշումների մասին։
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ապագայում հավանական է ՀԱՊԿ ընդլայնումը գլխավոր քարտուղարը նշել է․ «Իհարկե, նման հնարավորությունը սկզբունքորեն չի բացառվում… Հնարավոր է, որ մեր խաղաղապահ գործունեությունը յուրօրինակ խթան հանդիսանա կազմակերպության ընդլայնման կամ ՀԱՊԿ-ի հիման վրա համագործակցության նոր ձեւաչափերի առաջացման գործում»։
Ըստ Տասմագամբետովի, ՀԱՊԿ-ն առաջարկում է մասնակցության համար շատ բարենպաստ պայմաններ, այդ թվում՝ առաջնահերթություն տալով ճգնաժամային իրավիճակների լուծման քաղաքական եւ դիվանագիտական մեթոդներին։