Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող հանդիպումը անհանգստություն է առաջացնում Մոսկվայում։ Այս մասին տելեգրամյան էջում գրել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Վաշինգտոնում, Բրյուսելում եւ Երեւանում ձեւական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Պնդում են թե դա ուղղված չէ երրորդ կողմի դեմ։ Նման իրադարձությունները Ռուսաստանում անհանգստություն են առաջացնում, քանի որ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ներկայացուցիչները մեր գործընկերներին ուղղակիորեն ասում են, որ իրենց հիմնական ուղղվածությունը բացառապես Ռուսաստանի դեմ է։ Հենց այդպես էլ ասում են՝ բաց տեքստով»,-գրել է Զախարովան։
Նրա խոսքերով նման հանդիպումը մտահոգություններ է առաջացնում տարածաշրջանի շատ երկրների մոտ, քանի որ դրանք ուղղված են «ոչ թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հաստատմանը, այլ Արեւմուտքի հետագա մխրճմանը»։ Ըստ Զախարովայի նման քայելի նպատակը Հարավային Կովկասում նոր բաժանարարա գծերի ստեղծումն է, հակառուսական օրակարգ «պարտադրելը», Ռուսաստանի հետ դարավոր կապերի քայքայումը, եւ տարածաշրջանային անվտանգության ու տնտեսական համագործակցության մեխանիզմների թուլացումը։
«Թե ինչո՞ւ է պաշտոնական Երեւանը ձեւացնում, որ չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, մեծ հարց է։ Ի վերջո, ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է հավաքական Արեւմուտքի՝ հայ ժողովրդի հիմնարար շահերին լիովին հակասող ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»,-գրել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։