Ռուսական հետախուզական ծառայությունները նախապես գիտեին Crocus City Hall համերգասրահում սպասվող ահաբեկչության մասին: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) ղեկավար Կիրիլ Բուդանովը։
«Նախապատրաստական աշխատանքների մասին Ռուսաստանը տեղեկացված եղել առնվազն 2024 թվականի փետրվարի 15-ից։ Ավելին ասեմ, այդ տեղեկատվությունը փոխանցվել է Սիրիայում գործող հետախուզական խմբավորման վարչությունից: Այնտեղից այն փոխանցվել է Մոսկվա»,- ասել է Բուդանովը «Ռազմավարական հաղորդակցությունների երրորդ միջազգային ֆորումի» ընթացքում ունեցած ելույթի ժամանակ։
ԳՀՎ ղեկավարի խոսքով Կրեմլը նաեւ տեղեկացված է եղել, թե որտեղ եւ որ երկու երկրների միջոցով են զինյալները ժամանելու Ռուսաստան։
«Ինչու են նրանք թույլատրել, որ դա տեղի ունենար, կան մի քանի տարբերակներ: Առաջինը, իրենց սովորության համաձայն, կռիվն է այսպես կոչված «աշտարակների» միջեւ՝ մի քանի պաշտոնյաների այժմ հեռացնելու համար։ Մյուս տարբերակն էլ այն է, որ նրանք իրականում թերագնահատել են այն, ինչ պետք է տեղի ունենար: Նրանք կարծում էին, որ դա ավելի շատ տեղային ձեւ կունենա եւ ուզում էին ամեն ինչում մեղադրել Ուկրաինային»,-ասել է Բուդանովը։
Խոսելով «ուկրաինական հետքի» մասին, որը Կրեմլը փնտրում է ահաբեկչության մեջ՝ ռազմական հետախուզության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի իշխանություններն արդեն երեք անգամ փոխել են «Crocus» -ում տեղի ունեցածի վարկածները։
«Բացատրություններ հնչեցին [ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ] Պատրուշեւից եւ [ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր] Բորտնիկովից, ովքեր անձամբ ինձ մեղադրելով պնդում էին, որ Ուկրաինան արել է այս ամենը։ Սա հիմարություն է: Ի դեպ, շոշափելով այս ցավոտ թեման, թեեւ սա թշնամի երկիր է, այնուամենայնիվ ես սկզբունքորեն հավանություն չեմ տալիս խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական գործողություններին»,-ասել է Ուկրաինայի ԳՀՎ ղեկավարը։