Հոգեւոր եւ բարոյական տեսակետից Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունը «սուրբ պատերազմ է»։
Այս մասին ասվում է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի նախագահությամբ մարտի 27-ին անցկացված Համաշխարհային ռուսական խորհրդի XXV-րդ նիստի մասնակիցների ընդունած համատեղ հայտարարության տեքստում։
Փաստաթուղթը հրապարակվել է Մոսկվայի պատրիարքարանի պաշտոնական կայքում։
«Հոգեւոր եւ բարոյական տեսակետից հատուկ ռազմական գործողությունը սուրբ պատերազմ է, որում Ռուսաստանը եւ նրա ժողովուրդը, պաշտպանելով Սուրբ Ռուսաստանի միասնական հոգեւոր տարածքը, կատարում են «զսպողի» առաքելություն՝ պաշտպանելով աշխարհը գլոբալիզմի ճնշումից եւ սատանայականության մեջ ներքաշված Արեւմուտքի հաղթանակից»,-ասվում է հայտարարության տեքստում։
Մոսկվայի «Քրիստոս Փրկչի» տաճարում տեղի ունեցած ժողովի մասնակիցները Ուկրաինայի դեմ պատերազմը նաեւ անվանել են «ռուս ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի նոր փուլ՝ Կիեւի ոճրագործ ռեժիմի եւ նրա հետեւում գտնվող հավաքական Արեւմուտքի դեմ, որը մղվում է 2014 թվականից Հարավարեւմտյան Ռուսաստանի հողերում»։
Փաստաթղթում նաեւ ասվում է, որ պատերազմի ավարտից հետո ժամանակակից Ուկրաինայի ողջ տարածքը պետք է մտնի Ռուսաստանի «բացառիկ ազդեցության գոտու» մեջ։
«Պետք է իսպառ բացառել Ռուսաստանի եւ նրա ժողովրդի հանդեպ թշնամաբար տրամադրված ռուսաֆոբ քաղաքական ռեժիմի, ինչպես նաեւ Ռուսաստանի նկատմամբ թշնամական արտաքին կենտրոնից վերահսկվող քաղաքական ռեժիմի գոյության հնարավորությունը»,-ասվում է փաստաթղթի տեքստում։
Եթե Ուկրաինա ռուսական ներխուժման սկսվելուց հետո Ռուս ուղղափառ եկեղեցու հայտարարությունները որոշակիորեն խաղաղության կոչեր էին պարունակում, ապա վերջին ժամանակահատվածում պատրիարք Կիրիլի ելույթները աստիճանաբար ստացել են առավել ռազմատենչ բնույթ։
2023 թվականի սկզբին պատրիարք Կիրիլը հնչեցրած ելույթում Ռուս ուղղափառ եկեղեցու հոգեւորականներին եւ աշխարհականներին կոչ էր արել ավելի ակտիվորեն օգնել Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող ռուս զինվորներին: