Մարտի 19-ին Բելառուսի առողջապահության նախարարությունն արգելել է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումը՝ պատճառաբանելով, թե «Արենի» նռան գինու մեջ հայտնաբերել է ազորուբին սննդային ներկանյութը։ Հաղորդագրության մեջ նշված է, որ արգելվում է նաեւ արդեն իսկ ներկրված ապրանքի պահպանումը, փոխադրումը, վաճառքը եւ օգտագործումը։
«Արարատի կոնյակի գործարանը» հիմնվել է 2009 թվականին եւ արտադրում է կոնյակ ու գինի։ «Ալիք Մեդիայի» տեղեկություններով այն պատկանում է պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության վարչության նախկին պետ Արմեն Սարգսյանին։ Հնարավոր չեղավ գործարանից որեւէ մեկնաբանություն ստանալ կատարվածի վերաբերյալ, իսկ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը դեռեւս Բելառուսից պաշտոնական գրություն չի ստացել։
Բայց արդեն իսկ կարծիքներ կան, որ Բելառուսի որոշումն իրականում քաղաքական է։ Այս տեսակետն ունի երկու հիմնավորում։
Առաջինը՝ անցած շաբաթ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Բրյուսելում հանդիպել էր Բելառուսի ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ։ «Մենք միասին մի միջոցառման ենք մասնակցել, դուրս ենք եկել, ես միջանցքում շնորհակալություն եմ հայտնել նրան Հայաստանին դրական անդրադարձ կատարելու համար»,- երկու օր առաջ մեկնաբանել էր Ալեն Սիմոնյանը:
Հանդիպումը Բելառուսում դժգոհություն էր հարուցել, եւ արգելելով «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումը՝ այդ երկիրն իր վերաբերմունքն է արտահայտում։
Երկրորդ պատճառն ամենայն հավանականությամբ այն է, որ Բելառուսը Ռուսաստանի հետ միասնական քաղաքականություն է վարում նաեւ այս դաշտում։ Ռուսաստանը պարբերաբար արգելում է Հայաստանից տարբեր ապրանքների ներկրումը՝ պատճառաբանելով, թե դրանց մեջ ինչ-որ ցուպիկներ կամ արգելված այլ նյութեր կան։ Իրականում մեր ռազմավարական գործընկերն այդպիսով իր պատժամիջոցներն է կիրառում մեր նկատմամբ՝ ցույց տալով, որ դժգոհ է Արեւմուտքի հետ հարաբերությունների սերտացումից։
Քանի որ արեւմուտքի հետ շփումների պատճառով դժգոհություններն ավելանում են, չի բացառվում, որ Ռուսաստանը փորձում է մեզ պատժել նաեւ Բելառուսի միջոցով։ Եթե Բելառուսը ոչ թե քաղաքական նկատառումներից ելնելով, այլ իսկապես խախտումների պատճառով է արգելում «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումը, դա նախկինում էլ կաներ։ Եթե այդ գործարանն իր գինիների մեջ արգելված նյութ է օգտագործել, ուրեմն սա առաջին անգամը չէ։ Եվ եթե Բելառուսն իսկապես խախտումների պատճառով եւ ոչ թե քաղաքան նկատառումներով է նման որոշում, այդ դեպքում նույն սկզբունքայնությունն ինչո՞ւ մի անգամ էլ չտարածվեց նաեւ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երեւանի Արարատ կոնյակի, օղու, գինու կոմբինատի» կոնյակի վրա։ Չէ որ ըստ որոշ կարծիքների՝ ոչ թե խաղողից, այլեւ ներկրված սպիրտից է պատրաստված։ Մի քանի տարի առաջ անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է այդ մասին ակնարկել, որ գյուղացիներին կեղծ տեղեկանքներ են տրամադրում, թե նրանցից խաղող են մթերում, փոխարենը կոնյակ ներկրված սպիտով են արտադրում։ Եթե քաղաքական հարց չէ, ինչո՞ւ չի արգելում նաեւ Ռուսաստանը։ Թե՞ պարբերաբար Ծառուկյանի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները չխաթարելու մասին հայտարարությունները կամ Բելոռուսի նախագահի հետ ընկերական հարաբերությունները նրա գործարանների արտադրանքի համար կանաչ ճանապարհ են բացում։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը երեկ ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակն ուղղված ՀՀ առողջապահության նախարարությանն այն մասին, որ, երկրում բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում օրենսդրության պահպանման նպատակով իրականացվող պետական սանիտարական վերահսկողության ընթացքում, արձանագրվել է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող սննդամթերքի շրջանառության փաստ: «Սակայն, Բելառուսի գրության մեջ նշված չէ, թե «Արենի» նռան գինու ո՞ր խմբաքանակում է հայտնաբերվել անհամապատասխանությունը, արդյո՞ք ստուգվել են այլ խմբաքանակներ ևս եւ այլ մասնագիտական մանրամասներ»,- նշված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ:
Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանն էլ ասում է, որ ԵԱՏՄ շրջանակներում այդ նյութի վերաբերյալ հակասական նորմեր կան՝ մեկն ընդունում է, մյուսը՝ ոչ։ Նա չի բացառում, որ Բելառուսի որոշումը կարող է քաղաքական լինել։ Հատկապես որ «Արենի» գինու մեջ եղած այդ ազորուբին նյութը թույլատրվում է օգտագործել սննդի մեջ։
Փորձագետը հավելում, է, որ ԵԱՏՄ-ում նռան գինու արտադրության ընդհանուր կանոնակարգերը հաստատված չեն, անդամ երկրներն աշխատում են ռուսասկան ԳՈՍՏ-ով։ Ավելին, ալկոհոլային խմիչքների դեպքում Ռուսաստանը չի ընդունել ԵԱՏՄ-ի ընդհանուր նորմերը, աշխատում է սեփական կանոնակարգերով։ «Պետք է հասկանալ, իրենք որի վրա են հղում կատարել, ԵԱՏՄ-ի՞, ռուսակա՞ն , թե՞ բելոռուսական նորմերի։ Մի պարագայում կարող է աշխատել բելոռուսական նորմը, միյուս պարագայում հայկականը կամ ռուսականը։ Նռան գինու դեպքում կոնկրետ իրավական բաց կա, իսկ այդ նյութը սննդի արդյունաբերության, հրուշակեղենի արտադրության մեջ թույլատրվող ներկանյութ է»,- ասում է Հարությունյանը։
Վերջինս նաև հավելեց՝ պետք է սպասել, որ այս տարվանից Ռուսաստանում, միգուցե նաեւ Բելառուսում հայկական բոլոր ապրանքները «կամաց-կամաց չեն համապատասխանի ԵԱՏՄ շուկայի պայմաններին»։ Դա նշանակում է, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ այդ երկրներն ավելի հաճախ կարգելեն Հայաստանում արտադրվող տարբեր ապրանքների ներկրումը, անկախ այն հանգամանքից, դրանք համապատասխանո՞ւմ են ընդունված նորմերին, թե՞ ոչ։
Իսկ ալկոհոլային ապրանքների արտահանման խնդրին ավելի հիմնավոր լուծում տալու համար փորձագետն առաջարկում է հնարավորինս կրճատել կախվածությունը ռուսական ցածրորակ, էժան շուկայից։ Դրա համար նախ պետք է Հայաստանում ցածրորակ խաղողի այգիները փոխել որակյալ տեսակներով։ Դադարել սուբսիդավորել խաղողի արտադրությունը եւ մթերումը, արտադրել բարձրորակ գինի եւ կոնյակ, ինչու չէ, նաեւ ռուսական բարձր գնային շուկայի համար։ Իսկ թանկարժեք ապրանքը կարելի է ինքնաթիռով տեղափոխել՝ կախման մեջ չհայտնվելով տարվա կեսը չաշխատող Վերին Լարսից։
«Մերոնք «հանուն գյուղացու» պոպուլիստական գաղափարախոսությունից պետք է դուրս գան, հանուն գյուղացու մենք տնտեսություն եւ պետություն ենք կորցնում։ Գյուղացուն կարելի է այլ կերպ օգնել՝ ասելով խաղողի մասով իմ վրա հույս մի դիր։ Այս դեպքում գյուղացին կփոխի խաղողը։ 2006-ից Վրաստանը գնաց այդ ճանապարհով եւ արտահանումը ավելացրեց ոչ միայն արեւմտյան, չինական, այլեւ նույն ռուսական շուկայում։ Ճիշտ է, մենք շոկային 5-10 տարիներ կունենանք, բայց արտահանելու համար որակյալ ապրանք կառաջարկենք։ Իսկ դա արդեն կընդունվի ոչ միայն ռուսական, այլեւ բարձր չափանիշներ դնող այլ շուկաներում»,- խորհուրդ է տալիս Ավագ Հարությունյանը։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։