Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը զարմացած է եղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու որոշումից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուսական «Известия» լրատվականին տված հարցազրույցի ժամանակ։
«Երբ 2022-ին Պրահայում, այսպես կոչված, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, որը նույնպես Մակրոնի մտահաղացումն էր, [Ադրբեջանի նախագահ Իլհամ] Ալիեւի հետ [Եվրախորհրդի նախագահ Շարլ] Միշելի ներկայությամբ փաստաթուղթ ստորագրեցին, որի համաձայն Ղարաբաղը Ադրբեջան է, մեզ ոչ ոք այդ մասին տեղյակ չպահեց։ Այնուհետ Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել էր. «Մենք զարմացած ենք, որ դուք այդպիսի որոշում եք կայացրել»,-պատմել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքերով հայկական կողմից այդպես էլ որեւէ բացատրություն չէր հետեւել եւ դրա փոխարեն Փաշինյանը ռուսական կողմին միշտ խնդրել էր չմոռանալ, որ ինչ-որ կերպ պետք է լուծվեր նաեւ Ղրաբաղի կարգավիճակի հարցը։ Ըստ Լավրովի Մոսկվան աշխատանքներ տարել է այդ ուղղությամբ, սակայն ամեն բան փոխվել է, երբ ստորագրվել է Պրահայի հայտարարությունը։
«Սակայն, երբ նա ստորագրեց, որ այդ տարածքը Ադրբեջանի մաս է, կարգավիճակի հարցը վերացավ։ Իսկ երբ մարդիկ սկսեցին հեռանալ Ղարաբաղից, Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին հարցրեց. «Վլադիմիր Վլադիմիրովիչ, ինչո՞ւ ղարաբաղցիներին թողեցիք ճակատագրի հույսին»։ Կներեք, ի սեր Աստծո, այդ դուք էիք որոշել, որ նրանք քաղաքացի չեն կամ հավակնում են Ադրբեջանի ինչ-որ քաղաքացիության»,-ասել է Լավրովը։
Ըստ ՌԴ ԱԳ նախարարի Երեւանի գործելակերպը բխել է 2020 թվականի 44 օրյա պատերազմից եւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, երբ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն սկսել էին ակտիվություն ցուցաբերել հակամարտության կարգավորման հարցում։
Լավրովի խոսքերով Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանների սահմանազատման, տնտեսական կապերի վերականգնման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հարաբերությունների կարգավորման, ներառյալ խաղաղության պայմանագրի կնքման մասին եռակողմ համաձայնագրերը համաձայնեցվել էին Մոսկվայի ակտիվ նախաձեռնողական դերակատարմամբ։ Բայց, ըստ ՌԴ ԱԳ նախարարի, Եվրամիությունը հայերին ու ադրբեջանցիներին իր կողմն էր գրավում, իսկ Փաշինյանը ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հարթակներում աշխատելու գաղափարի հիմնական ջատագովն էր։