ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչ Մարիա Զախարովայի նախօրեին տելեգրամյան էջում հրապարակած այն գրառմանը, որտեղ նա արեւմուտքին մեղադրում է Հարավային Կովկասում նոր բաժանարար գծեր ստեղծելու եւ երկրներին հակառուսական օրակարգ պարտադրելու մեջ։
«Այսպիսով ես կասեի է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում այն խառնակությունները, որոնց մենք ականատես ենք լինում տարածաշրջանում, Ռուսաստանի գործողությունների հետեւանքներն են»,-նշել է Միլլերը։
Զախարովայի տելեգրամյան մեկնաբանությունները վերաբերվում են ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպմանը։ Սա, ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի անհանգստություն է առաջացրել Մոսկվայում։
Շարունակելով միտքը Միլլերը եւս մեկ անգամ ընդգծել է, որ բրյուսելյան հանդիպումը այլ բան չի նախատեսում եւ «կենտրոնանալու է Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, քանի որ այն աշխատում է իր առեւտրային գործընկերությունների դիվերսիֆիկացման եւ հումանիտար կարիքների լուծման ուղղությամբ»: