Ըստ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Հայաստանի ղեկավարությունը միտումնավոր գնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզման։ Նման հայտարարություն նախարարը արել է ռուսական «Известия»-ին տված հարցազրույցի ժամանակ։
«Հայաստանի ղեկավարությունը, անկեղծ ասած, մտացածին պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք տարիների պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման, մեր զինծառայողների, որոնք ծառայում են 102-րդ ռազմաբազայում, սահմանապահների եւ ընդհանուր առմամբ Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) զրպարտությանը»,-նշել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարի գնահատականով «Հայաստանում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»։
Անդրադառնալով Հայաստան-ՀԱՊԿ հակասություններին Լավրովը նշել է, որ Երեւանում չեն խոսում այն մասին, որ կառույցը «բազմիցս է պաշտպանել Հայաստանի շահերը դժվարին իրավիճակներում»։ Ըստ նրա այն պատրաստ է եղել 2021 թվականին իր խաղաղապահ առաքելությունը ուղարկել հանրապետություն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը թուլացնելու համար, սակայն դրանից անսպասելիորեն հրաժարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Առաքելության մանդատը լիովին համաձայնեցվել էր 2021 թվականի աշնանը Երեւանում կայացած նախարարական հանդիպման ժամանակ. մինչեւ գիշեր նստեցինք, ամեն ինչին հավանություն տվեցինք, առավոտյան, երբ նախագահներն ու վարչապետներն արդեն հանդիպել էին, պարոն Փաշինյանը հայտարարեց, որ կոնսենսուս չկա»,-նշել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Հաջորդիվ Լավրովը բողոքել է, որ երեւանյան նիստից օրեր անց Փաշինյանը նույնպիսի խաղաղապահ առաքելություն հրավիրել է ԵՄ-ից, որը ըստ նրա, արդեն վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության։
«Հայաստան հրավիրվեց Եվրամիության նույնպիսի խաղաղապահ առաքելություն՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի ընդամենը երկու ամսով, իսկ երկու ամիս անց, անտեսելով Բաքվին, Եվրամիությունը կրկնապատկեց այդ առաքելությունը։ Իսկ այժմ Նորվեգիայից, Կանադայից եւ ԱՄՆ-ից դեռեւս զինվորականներ են ուղարկվում այնտեղ՝ Եվրամիության առաքելությունը վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության։ Եվ վերջին մի քանի տարիների այս ողջ պատմությունը խեղաթյուրում են պարոն Փաշինյանը, նրա աշխատակիցները, Հայաստանի խորհրդարանի ղեկավարությունը»,-նշել է ՌԴ ԱԳ նախարարը։