Լոռու մարզի Վահագնի գյուղում սահմանափակ կարողություններով երեխաների համար վերականգնողական եւ կրթական կենտրոն է կառուցվում։ Շինաշխատանքները մեկնարկել են 2023-ին, ավարտը նախատեսվում է տարեվերջին։
Ծրագրի նախաձեռնողը «Աստղիկ» բարեգործական հիմնադրամն է, աջակիցները՝ հոլանդական «Մենսենքինդերեն» եւ «Ջուլիէնջել» հիմնադրամները։
Վահագնիի վերականգնողական կենտրոնը ծառայելու է ամբողջ մարզի՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց։
Հատկապես գյուղական համայնքներում բնակվող հաշմանդամություն ունեցող երեխաները, պատանիներն ու երիտասարդները մեկուսացած են հասարակությունից եւ կարիք ունեն տարրական հմտություններ ձեռքբերելու, դառնալու հասարակության լիարժեք անդամներ․ «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանի խոսքով՝ հենց այս գաղափարն է եղել կենտրոնի կառուցման շարժառիթը։
Առաջիկայում հիմնական աշխատուժից բացի շինաշխատանքներին կմիանան նաեւ հոլանդացի կամավորներ։ Ի դեպ, թե՛ կամավորները եւ թե՛ հոլանդական հիմնադրամները «Աստղիկ»-ի ծրագրերին աջակցում են արդեն երկար տարիներ։ Նրանց համատեղ ջանքերով է հիմնադրվել նաեւ Made in Vahagni կարի արտադրամասը, ուր տեղացի վեց կին է աշխատում։
Վահագնիում հիմա բժշկական եւ սպասարկման ոլորտում աշխատողների արտահագուստ, անկողնային եւ այլ պարագաներ են կարում՝ ըստ պատվերի։
Մինչ Վահագնիում ծրագրեր իրականացնելը հիմնադրամը կրկին հոլանդացի բարերարների աջակցությամբ գյուղատնտեսական ծրագրեր է իրականացրել Լոռու մարզի մեկ այլ հատվածում՝ Սպիտակի տարածաշրջանի Հաթագյուղում։ Կուրթանում ու Լեռնավանում էլ տարբեր արտադրություններ են հիմնվել՝ տեղի կանանց համար կայուն եկամուտ ապահովելու նպատակով։
Վերջին շրջանում հիմնադրամի եւ հոլանդացի բարերարների ուշադրության կենտրոնում նաեւ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներն են, որոնցից մեկի՝ Ասրյանների բազմանդամ ընտանիքի համար «Մենսենքինդերեն» հիմնադրամի աջակցությամբ Լոռու Ազնվաձոր համայնքում առանձնատուն են գնել: Առաջիկայում նրանց համար ջերմոց եւ հացաբուլկեղենի թխման արտադրամաս կկառուցվի:
«Աստղիկ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող ծրագրերին ծանոթանալու նպատակով օրեր առաջ Վահագնի եւ Ազնվաձոր էր այցելել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։ Նա հանդիպել է հայկական եւ հոլանդական հիմնադրամների ներկայացուցիչներին, վստահեցրել, որ Հայաստանի կառավարությունն ու Լոռու մարզպետարանը կաջակցեն վերականգնողական եւ կրթական կենտրոնի հետագա գործունեության կազմակերպման հարցում:
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։