ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիայի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու լեգիտիմության շուրջ կատարած հայտարարությունները։ Դրանցում Նեբենզիան հիշեցրել է, որ Զելենսկու պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի 20-ին։ Հետեւաբար Ուկրաինայի ղեկավարի՝ ընտրությունները չեղարկելու որոշումը մայիսի 21-ից նրան կդարձնի ոչ լեգիտիմ կառավարիչ, ասել է ՌԴ մշտական ներկայացուցիչը։
«Ինչ վերաբերվում է մայիսի 20-ին։ Թե ինչ կլինի մայիսի 21-ին կապրենք կտեսնենք։ Հնարավոր է, որ կարիք չունենանք որեւէ բան ընդունելու»,-հայտարարել է Լավրովը ռուսական «Известия»-ին տված հարցազրույցի ժամանակ։
ՌԴ ԱԳ նախարարը զուգահեռաբար մեկնաբանել է նաեւ Ուկրաինայի հետ հավանական խաղաղության բանակցությունների թեման։ Նա նշել է, որ Ռուսաստանը «բազմիցս հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին», սակայն Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է Ռուսաստանի Դաշնության հետ բանակցային գործընթացը։
«Վլադիմիր Վլադիմիրովիչը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է այս հարցը, երբ նկարագրել է լուրջորեն բանակցությունների մեջ մտնելու մեր պատրաստակամությունը։ Նա Զելենսկու արեւմտյան հովանավորներին ասել է, նախ թող չեղարկի իր հրամանագիրը»,-ասել է Լավրովը։
2022 թվականի հոկտեմբերի 4-ին Վլադիմիր Զելենսկին հավանություն է տվել Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշմանը Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններից հրաժարվելու մասին, քանի դեռ նրա նախագահն է Վլադիմիր Պուտինը։