Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին «Ուկրինֆորմ» լրատվականին տված հարցազրույցում մեկնաբանել է Խարկովի ուղղությամբ ռուսական զորքերի հավանական հարձակման նախապատրաստման մասին շրջանառվող լուրերը։
«Մենք չենք կարող անտեսել հակառակորդի հարձակողական գործողությունների նախապատրաստման մասին որեւէ տեղեկություն, հետեւաբար ձեռնարկում ենք բոլոր միջոցները նման հնարավորությանը համարժեք արձագանքելու համար։ Այսօր մենք իրականացնում ենք տարածքների եւ դիրքերի ամրացման համալիր մեծ աշխատանք, տեղադրում ենք պատնեշների ընդհանուր համակարգ եւ պլանավորում ենք մեր զորքերի օգտագործումը նման գործողությունների դեպքում»,-ասել է Սիրսկին։
Միեւնույն ժամանակ գեներալը հիշեցրել է 2022 թվականի սեպտեմբերին Խարկովի ուղղությամբ իր ղեկավարած հակահարձակման մասին, որի արդյուքնում ուկրաինական բանակը կարողացել էր ազատագրել Խարկովի մարզի մեծ մասը։
Նա զգուշացրել է, որ Խարկովի վրա նոր հարձակում սկսելու որոշումը կարող է ճակատագրական լինել ռուսական բանակի համար։
Մարտի 28-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CBS News-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ մայիսի վերջին կամ հունիսին, ռազմաճակատում սպասվում է ռուսական զորքերի նոր խոշոր հարձակում։ Սակայն թե, որ ուղղությամբ է դա լինելու, նախագահը չէր հստակեցրել։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Ուկրաինայի հետ պատերազմում Կրեմլի հաջորդ նպատակը Խարկովի վրա հարձակումն է։ Գրեթե միեւնույն ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Բելգորոդի մարզի շուրջ, որը սահմանակից է Խարկովի մարզին, «սանիտարական գոտի» ստեղծելու անհրաժեշտության մասին՝ դա բացատրելով շրջանի պարբերական գնդակոծման հանգամանքով։