Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բրյուսելում ապրիլի 5-ին սպասվող ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ համաժողովը Երեւանին կարող է նոր սադրանքների դրդել Ադրբեջանի դեմ։ Նման հայտարարություն Բայրամովը կատարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Պավել Կնյազեւի հետ հանդիպման ժամանակ։
Ադրբեջանի ԱԳ նախարարը ռուս դիվանագետին նաեւ նշել է, որ Հայաստանի հետ խաղաղության գործընթացը խոչնդոտվում է նոր մարտահրավերներով, որոնց թվում են «տարածաշրջանից հեռու գտնվող պետությունների միակողմանի դիրքորոշումները տարածաշրջանում հաստատելու փորձերը»։
«Ընդգծվել է, որ այս ուղղությամբ հստակ արտահայտված է Ադրբեջանի դիրքորոշումը ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովի կազմակերպման վերաբերյալ, որը կանցկացվի այս տարվա ապրիլի 5-ին նման անթափանց եւ ոչ ներառական միջավայրում, ինչպես նաեւ. Ադրբեջանական կողմի մտավախությունը, որ նման նախաձեռնությունները կարող են նոր սադրանքներ առաջացնել Հայաստանի կողմից, որտեղ գերակշռում են ռեւանշիստական տրամադրությունները»,-ասվում է հանդիպման մասին Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։