Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշել է առաջիկա օրերին Արտաքին հետախուզության՝ Մոսադի եւ Գլխավոր անվտանգության ծառայության պատվիրակություններն ուղարկել Կատար եւ Եգիպտոս՝ շարունակելու ՀԱՄԱՍ-ի հետ Գազայի հատվածում պահվող պատանդներին ազատ արձակելու շուրջ բանակցությունները: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Տարածված հաղորդագրության տեքստում նշվում է, որ Նեթանյահուն «խոսել է «Մոսադի» տնօրենի [Դեյվիդ Բարնեայի] ու Շին Բեթի ղեկավարի [Ռոնեն Բար] հետ եւ հավանություն տվել առաջիկա օրերին այդ գերատեսչությունների ներկայացուցիչների պատվիրակությունները Դոհա եւ Կահիրե ուղարկելուն՝ պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները շարունակելու համար»։
Իսրայելի վարչապետի գրասենյակը նշել է, որ հրապարակել է այս պարզաբանումը` հաշվի առնելով «առեւանգվածների ազատ արձակման շուրջ բանակցությունների մասին» հայտնվող հրապարակումները:
Ավելի վաղ իսրայելական Kan ռադիոն հայտնել էր, որ վարչապետը որոշել է մասնագետների մակարդակով պատվիրակություններ ուղարկել Դոհա եւ Կահիրե, եւ նրանց ղեկավարները քննարկումներին կմասնակցեն «միայն իրադարձությունների զարգացմանը զուգընթաց»։
Ynet պորտալը նշում է, որ Կառավարությունը որոշումն ընդունել է Իսրայելի հասցեին հնչող այն մեղադրանքների լույսի ներքո, որոնց համաձայն այն բանակցությունների ընթացքում սեփական առաջարկներ չի ներկայացնում եւ չի ցանկանում ճկունություն ցուցաբերել։
Մարտի 24-ին Agence France-Presse-ը հաղորդել էր, որ Մոսադի տնօրեն Բարնեան եւ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բերնսը լքել էին Դոհան այնտեղ խորհրդակցությունների հերթական փուլից հետո: Կատարի մայրաքաղաքում մարտի 18-ին վերսկսվել էին բանակցությունները Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ՝ միջնորդների մասնակցությամբ։