Անվտանգության այն մեխանիզմները, որոնք Հայաստանն ունեցել է մի քանի տասնամյակ, չեն աշխատել։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը արգենտինական Todos Noticias հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ։
Պատասխանելով հայ-ռուսական հարաբերությունների վերջին շրջանի վատթարացման եւ այդ համատեքստում ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ հարաբերությունների էլ ավելի խորցման մասին հարցին Միրզոյանը նշել է․ «Մենք ժողովրդավարական երկիր ենք եւ ցանկանում ենք ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները։ Մենք տեսնում ենք, որ, օրինակ, Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը (ԵՄ) հիմնական գործընկերներն են։ Մենք նաեւ տեսանք, որ ԵՄ-ն պատրաստ էր քաղաքացիական առաքելություն ուղարկել, եւ սահմանին իրավիճակը զգալիորեն բարելավվեց: Նրանց ներկայությունը մեծապես նպաստում է տարածաշրջանի եւ Հայաստանի մի մասի խաղաղությանը»։
Ընդգծելով, որ չնայած 2020 թվականին Ռուսաստանը խաղաղապահներ էր ուղարկել Լեռնային Ղարաբաղում անվտանգության վերահսկման համար, եւ ի հեճուկս այդ ամենի մի շարք ադրբեջանական կողմը մի շարք հարձակումներ է իրականացրել նաեւ Հայաստանի սահմանների վրա, արտգործնախարարը նշել է, որ այդ ամենին «գոհացուցիչ արձագանք» Երեւանը չի ստացել իր դաշնակիցներից։
«Այսպիսով, անվտանգության այն մեխանիզմները, որոնք մենք ունեինք մի քանի տասնամյակ շարունակ, չաշխատեցին։ Այդ իսկ պատճառով մենք խնդրեցինք, որ Եվրամիությունը գա ու մշտադիտարկի իրավիճակը։ Այժմ մենք խորացնում ենք տնտեսական եւ քաղաքական հարաբերությունները Բրյուսելի եւ Վաշինգտոնի հետ»,-ասել է Միրզոյանը։
Միրզոյանը նաեւ ընդգծել է, որ նման համատեքստում այնուամենայնիվ Երեւանն ու Մոսկվան պահպանում են տնտեսական հարաբերությունները, ունեն երկկողմ առեւտուր, համագործակցության տարբեր ոլորտներ եւ նույնիսկ լավ կապեր անվտանգության շրջանակներում։
«Բայց ճիշտ է նաեւ, որ այսօր մենք նույն մտքերը չունենք եւ, պարզ ասած, նույն լեզվով չենք խոսում։ Այն խնդիրները, որոնք կան Ռուսաստանի հետ հարաբերություններում, անհնար է թաքցնել», — հավելել է ՀՀ ԱԳ նախարարը։
Անդրադառնալով ՀՀ-ի եվրոատլանտյան ինտեգրմանը Միրզոյանը նշել է, որ Երեւանի արտաքին քաղաքական օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա։ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին էլ արտգործնախարարը նշել է, որ հայ ժողովուրդը «իսկապես ունի եվրոպական ձգտում», որից հետո ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Եվրախորհրդարանում հնչեցրած ելույթի հայտնի հատվածը․ «Հայաստանը պատրաստ է մոտենալ ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն է հնարավոր համարում և պատրաստ է մոտենալ Հայաստանի հետ»։