Սուրեն Հայրիյանը 2023 թվականի օգոստոսի 23-ին` Արցախի պաշարման ժամանակահատվածում, երբ չկար գոյատեւելու համար անհրաժեշտ կենսապայմաններ, բայց կար սեր ու ջերմություն, ամուսնացավ սիրած աղջկա` Լիանայի հետ:
Կինը պատմում է, որ բլոկադայի դժվար պահերին ամեն կերպ փորձել է տրամադրությունը բարձրացնել. «Բնության գրկում թեյախմություն էր կազմակերպում, որն ուղեկցվում էր զրույցներով եւ ամենակարեւորը` ապագայի մասին մտորումներով»:
Ասկերանի շրջանից էր 22-ամյա Սուրենը. բնավորությամբ պարզ, ընկերասեր, հոգատար եւ հարեհաս ոչ միայն հարազատների, այլեւ իր օգնության կարիքն ունեցող բոլորի նկատմամբ: Մեծացել է զինվորականի ընտանիքում։
«Հավերժ սիրահարված էր հայրենիքին՝ Արցախին…»- ասում է մայրը` աչքերը ինչ-որ անորոշ կետի հառած: Տիկին Մարիայի դեմքին թեթեւ ժպիտ է նկատվում. տղայի ուրախ հայացքն է հիշել:
Ծառայակից ընկերն ասում է՝ Սուրենն ամեն ինչում ինքնուրույն էր։ Ձգտում էր նպատակներին հասնել միայնակ, առանց կողմնակի օգնության դիմելու։ Երեւի ինքն իր վրա հույս դնելու կամքն էր նրա մեջ ստեղծել այդ խիզախությունը։ 44-օրյա պատերազմի ժամանակ ընկերներից տեղեկություն իմանալու համար մեկնում էր պատերազմական ամենաթեժ գոտիներ: Երբ հակառակորդի հրոսակախումբը Թաղավարդում շրջափակեց նրա մեքենան՝ գերի վերցնելու մտարդրությամբ, մեն-մենակ ոչնչացրեց բոլորին:
Սուրենի խորհուրդները միշտ տարբերվել են ընկերների համար. բոլորի մեջ սերմանում էր ընտանիքի կարեւորությունը. «Ես ընտանիքին այդքան նվիրված մարդ երբեք չէի տեսել»,- ասում է ընկերը՝ Սեյրանը:
Մասնագիտությամբ հաշվապահ էր։ Սովորել էր Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում։ Ծառայությունն անցել էր Մատաղիսում, 44-օրյա պատերազմին մասնակցելու համար պարգեւատրվել Պաշտպանական վեցերորդ շրջանի «Անձնուրաց պաշտպան» մեդալով: Զորացրվելուց հետո էլ չէր թողել ծառայությունը. աշխատանքի էր անցել Արցախի Ազգային անվանգության ծառայությունում, հետո` աշխարհազոր ուժերում:
Սուրենը եւ Լիանան, երջանիկ էին մինչեւ այն պահը, երբ Արցախը վերջնականապես կանգնեց հայաթափման ծանր վտանգի առջեւ: Հայր եւ որդի մեկնեցին դիրքեր` հայրենիքը փրկելու:
Հայրը` Մխիթար Հայրիյանը, երկար տարիներ աշխատել է Արցախի պաշտպանության բանակում, մասնակցել ե՛ւ քառօրյա, ե՛ւ 44-օրյա պատերազմներին, պարգեւատրվել «Մարտական ծառայություն», «Հայաստանի երկրապահ» մեդալներով: Կնոջ հետ ծանոթացել է հենց ՊԲ-ում, նա էլ որպես գործավար էր աշխատում այնտեղ. «Ամեն անգամ երբ լսում էր, որ կռիվ է, առաջինն ինքն էր իր թիմով առաջնագիծ շտապում»,- ասում է կինը:
Սրբուհին պատմում է` ոչ միայն լավ մարտիկ, այլեւ լավ հայր է եղել: Ինքը տան փոքրն է, հայրը ամենից շատ իր հետ է կապված եղել. «Գիշերը մինչեւ վերմակով ինձ չծածկեր, չէր քնում»:
Արցախը, չնայած բոլոր ճիգերին, փրկել չհաջողվեց, բայց հայր եւ որդի անվնաս տուն հասան, անհրաժեշտ էր իրերը հավաքել եւ հարկադրաբար, առաջին իսկ հնարավորության դեպքում լքել հայրենիքը: Սրբուհին ասում է, որ այդպիսի որոշումը հոր համար շատ ծանր է եղել, բայց կար ընտանիքը փրկելու անհրաժեշտություն:
Վառելիքի բացակայության պատճառով շատերը ժամերով հերթ են կանգնել Ասկերանի բենզալցակայանում` հույսով, որ մեծ մեքենայով վառելիք կբերեն: Լուրեր են տարածվել, թե Հայկազով համայնքում առանց հերթ կանգնելու վառելիք են տրամադրում:
Հայր եւ որդի գնացել են այնտեղ, տեղի է ունեցել չարաբաստիկ պայթյունը` խլելով անմեղ մարդկանց կյանքեր: Սուրենն անգամ այդ պահին մինչեւ վերջ պայքարել է. ինքն իրեն փոսից դուրս է հանել: Երկար ժամանակ, բժշկական հաստատությունում վիրավոր պառկած՝ մի քանի անգամ սրտի կանգ է ունեցել, վերակենդանացրել են: Ընտանիքի անդամները քաջալերել են, հուսադրող խոսքեր ասել, սակայն, նորից սրտի կանգի պատճառով կյանքը փրկել չի հաջողվել: Տղայի քառասունքի օրը հաստատվել է նաեւ հոր ԴՆԹ-ն:
Սուրենը եւ Մխիթարը, մասնակցելով Արցախի պաշտպանության համար մղվող մարտերին, ինն ամիս պաշարման մեջ բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելով, մինչեւ վերջին րոպեն մարտնչելով եւ պայքարելով, զոհվել են այդ աղետալի պայթյունից:
Ճակատագրի հեգնա՞նք է։ Նրանց նման հարյուրավոր արցախցիներ` մեծ ու փոքր, որոնք թեկուզ մարտի դաշտում դեմ առ դեմ չեն կռվել թշնամու դեմ, այնուամենայնիվ ամիսներ շարունակ քաղցած լինելով դիմադրել են, արժանացել նույն բախտին եւ մոռացության մատնվել:
Ինչպես Հայրիյանները, շատ ընտանիքներ կորստի ցավի հետ շարունակում են ապրել: Այն ավելի սաստկալի է, երբ միաժամանակ կորցնում ես ե՛ւ մտերիմներիդ, ե՛ւ հայրենիքդ: Սրբուհին ասում է` տանն ամեն երկրորդ բառը հայրիկն ու եղբայրն են. «Իրենց մասին հուշերը պինդ գրկում ենք, եւ փորձում դրանցից կարոտը առնել»:
Ընտանիքը Արցախից դուրս գալուց հետո մնացել է Երեւանում` բարեկամի տանը, որը մի փոքր վաղ էր տեղափոխվել, հետո` տուն վարձել Կոտայքի մարզի Քասախ գյուղում: Այս պահին ոչ ոք չի աշխատում: Սրբուհին մատնահարդարում է սովորել, ուզում է դրանով գումար աշխատել, իսկ մայրը` տնային պայմաններում կարուձեւ անելով:
Լիլիթ Ապրեսյան