Երեկ Թուրքիայում տեղական ընտրություններ էին։ Ինչպես եւ սպասվում էր ընդդիմությունը երկրի մի շարք քաղաքներում՝ Անկարա, Ստամբուլ, Իզմիր, Անթալիա, եւ այլ տեղերում համոզիչ հաղթանակ տարավ։
Թերթում եմ միջազգային լրահոսն ու հիշում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, որը վերջերս Ժնեւում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել էր Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավար Քարեն Բրեդլիի հետ եւ ասել, որ «Ժողովրդավարությունը մեր [Հայաստանի] միակ անվտանգային համակարգն է»։
Չգիտեմ՝ ի՞նչ է հասկացել Քարեն Բրեդլին սա լսելիս, բայց հայ հանրությունը, ում հենց ուղղված է ԱԺ նախագահի խոսքը, պետք է ենթադրեր, որ առանց մարտունակ բանակի, զենք ու զինամթերքի, առանց խելքը գլխին դիվանագիտության, առանց դիվերսիֆիկացված տնտեսության ու ներդրումների, առանց կրթության ու գիտության մենք անվտանգ ու անվտանգ ենք, որովհետեւ ժողովրդավարություն ունենք։
Բայց, մեկ շաբաթ էլ չանցած, Թուրքիայում տեղի են ունենում տեղական ընտրություններ, եւ տեսնում ենք, որ ժողովրդավարությունն այս տարածաշրջանում միայն մե՛ր անվտանգային համակարգ չէ, որ հարեւան երկիրը, ի թիվս այլ համակարգերի (ռազմական, դիվանագիտական, տնտեսական…) ժողովրդավարությունը նույնն է համարում ու շատ վաղուց։
«Տեղական ընտրություններն ավարտվեցին մեր ժողովրդավարությանը վայել հասունությամբ։ Բացի որոշ առանձին միջադեպերից, չեղան լուրջ տհաճ դեպքեր, որոնք կարող էին խաթարել ընտրությունների մթնոլորտը»,-ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա նաեւ հայտարարել է, որ իշխող կուսակցությունը չի անտեսի ազգի որոշումը, չի գործի նրա կամքին հակառակ եւ կասկածի տակ չի դնի ընտրությունների արդյունքը։
Իսկ ի՞նչ ունենք մենք մեր ժողովրդավարություն-անվտանգային համակարգում. մեկի կամքով ղեկավարվող իշխող կուսակցություն ու պետություն, բոքսի տանձի դեր ստանձնած ընդդիմություն, իշխանության մարգերում քուջուջ անող արտախորհրդարանական ուժեր, կաշկանդված ու վախեցած տեղական մարմիններ, որոնք հանուն սուբսիդիաների չուշացման պատրաստ են հրաժարվելու ինքնուրույնությունից։
Եթե սա ժողովրդավարություն է եւ եթե այս ժողովրդավարությունը հավակնում է անվտանգային համակարգ լինելու, ուրեմն Թուրքիայի, Ադրբեջանի եւ հատկապես Ռուսաստանի վերջը մոտ է։
Իսկ եթե խաբում են, ուրեմն մենք ընդհանրապես անվտանգային համակարգ չունենք, որովհետեւ ԱԺ նախագահը շեշտել է «միակ» բառը։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։