Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումները Գազայի հատվածի հյուսիսային մասում գտնվող Ալ-Շիֆա հիվանդանոցային համալիրի տարածքում ավարտել են գործողությունը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
«Իսրայելի պաշտպանության բանակի եւ գլխավոր անվտանգության ծառայության ստորաբաժանումներն ավարտել են թիրախային գործողությունները «Ալ-Շիֆա» հիվանդանոցի տարածքում եւ լքել դրա տարածքը։ Զինվորականները ահաբեկիչներին ոչնչացրել են կարճ հեռավորության վրա ընթացած մարտերում։ Ողջ հիվանդանոցի տարածքում հայտնաբերել են մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք, ինչպես նաեւ հետախուզական փաստաթղթեր։ Միեւնույն ժամանակ կանխվել է քաղաքացիական անձանց, հիվանդներին եւ բժշկական անձնակազմին վնաս հասցնելը»,-ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության մեջ։
Al Jazeera հեռուստալիքն էլ նշում է, որ իսրայելացի զինվորականների դուրս բերումից հետո բժշկական համալիրի տարածքում եւ հարակից փողոցներում տասնյակ դիեր են հայտնաբերվել։
Հեռուստաալիքի տվյալներով՝ համալիրի շենքերը այրվել կամ քանդվել են, իսկ ավերածությունների մասշտաբները շատ մեծ են։
Մարտի 31-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ «Ալ-Շիֆա» համալիրի տարածքում իրականացրած գործողությունների շնորհիվ զինվորականներին հաջողվել է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ավելի քան 200 ներկայացուցիչ։