Մինչ Crocus City Hall-ի ահաբեկչությունը Իրանը նախազգուշացրել է Ռուսաստանին երկրի տարածքում ծրագրված խոշոր ահաբեկչության հավանականության մասին։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում կատարելով երեք աղբյուրներից ստացված տեղեկատվությանը։
«Հարձակումից մի քանի օր առաջ Թեհրանը տեղեկություն է փոխանցել Մոսկվային Ռուսաստանում հնարավոր խոշոր ահաբեկչության մասին։ Տեղեկությունը ստացվել է Իրանում պայթյուններ կազմակերպելու կասկածանքով ձերբակալվածների հարցաքննությունների արդյունքում»,-լրատվականին ասել է աղբյուրը։
Իրանում վերջին խոշոր ահաբեկչությունը տեղի է ունեցել հունվարի 3-ին, որին զոհ էին գնացել տասնյակ հազարավոր քաղաքացիներ ովքեր մասնակցել էին գեներալ Կասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցին նվիրված արարողություններին։ Ահաբեկչության համար պատասխանատվությունը այդ ժամանկ եւ ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, որի հաղորդագրության մեջ նշվում էր, որ այն իրագործել են կառույցի աֆղանստանյան թեւի՝ «Վելայաթ Խորասանի» ներկայացուցիչները։
Միաժամանակ ՌԴ իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանում ահաբեկչությանը «Իսլամական պետության» մասնակցության վարկածը և պնդում են, որ դրա հետեւում կանգնած է Ուկրաինան, ինչը Կիևում կտրականապես հերքում են։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղյակ չէ Իրանի կողմից հնարավոր նախազգուշացումների մասին։
ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները նույնպես նախազգուշացրել են Ռուսաստանի խոշոր քաղաքներում հնարավոր ահաբեկչությունների մասին, այդ թվում՝ համերգների ժամանակ։ Ռուսական Անվտանգության դաշնային ծառայությունը խոստովանել է, որ ԱՄՆ-ն տեղեկություն է փոխանցել հարձակման նախապատրաստման մասին, սակայն պնդում է, որ ունեցել է «ընդհանրական բնույթ» եւ մանրամասնություններ չի ներառել։