ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության 29․155 զորամասի աշխատակիցները կարող են օգտագործել գաղտնի զենք, որն ամերիկացի դիվանագետների, պաշտոնյաների եւ հետախուզության սպաների մոտ ունակ է առաջացնել այսպես կոչված «Հավանայի համախտանիշ»։ Այս եզրակացությանն են հանգել The Insider-ի, գերմանական Der Spiegel ամսագրի եւ ամերիկյան CBS News հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդաշարի հետաքննության հեղինակները։
«Հավանայի սինդրոմը» իր անվանումը ստացել է 2016 թվականի վերջին Կուբայի մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային միջադեպերից, երբ ամերիկացի դիվանագետները հայտնել էին ուժեղ գլխացավերի, սրտխառնոցի, հոգնածության եւ լսողության վատթարացման մասին: 2018 թվականին նմանատիպ ախտանշաններ ի հայտ էին եկել Չինաստանում հյուպատոսության աշխատակիցների մոտ, իսկ 2021 թվականի ապրիլի վերջին CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ում երկու նմանատիպ դեպք է գրանցվել։
CBS-ի զեկուցողները հայտնում են անգամ 2023 թվականին Լիտվայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում գրանցված միջադեպի մասին:
Դատելով տուժածների հայտարարություններից՝ ախտանշաններն ի հայտ են եկել կտրուկ եւ հանկարծակի, երբ անծանոթների հետ շփում գրեթե չի եղել։ Տուժողները նշում են նույն դրվագները՝ սուր ցավ, ականջներում զնգոց, ճանաչողական կարողությունների ժամանակավոր կամ մշտական թուլացում: Միեւնույն ժամանակ հայտնի է, որ դեսպանատան աշխատակիցները նախկինում անցած բուժզննությունների ժամանակ բժիշկներին չեն հայտնել նման գանգատների մասին։
«Հավանայի համախտանիշի» մի քանի վարկածներ վերլուծելուց հետո, լրագրողները եկել են այն եզրակացությանը, որ նման ախտանիշները կարող են առաջանալ միկրոալիքային ճառագայթումների հետեւանքով: Մինչ այս նմանատիպ եզրակացության էին հանգել նաեւ ԱՄՆ իշխանությունները։
Լրագրողները Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության (ՌԴ ԳՀՎ) աշխատակիցների մասնակցության կամ նրանց կողմից նմանատիպ զենքի կիրառման մասին ուղղակի ապացույցներ չեն գտել, սակայն ուշադրություն են հրավիրել մի քանի զուգադիպությունների վրա։
Ուսումնասիրելով ՌԴ ԳՀՎ գործակալների ուղեւորությունների տվյալները լրագրողները նկատել են, որ ամերիկացիների մոտ առեղծվածային հիվանդության ախտանիշները ի հայտ են եկել այն նույն ժամանակահատվածում եւ այն նույն վայրերում որտեղ այցելել են 29․155 զորամասի աշխատակիցները։ Այս ստորաբաժանումը կապված է Մեծ Բրիտանիայում Սերգեյ եւ Յուլիա Սկրիպալների «նովիչոկով» թունավորումների, Բուլղարիայում՝ գործարար Եմելյան Գեբրեւի եւ արտասահմանում դիվերսիոն գործողությունների հետ։
Լրագրողները պարզել են, որ 2014 թվականին Եվրոպայում ռուս գործակալների տեղաշարժերը համընկել են Մայնի Ֆրանկֆուրտում ամերիկյան հյուպատոսության աշխատակիցների վրա տարօրինակ հարձակումների շարքի հետ։
2016-2017 թվականներին Չինաստան ԳՀՎ 29․155 զորամասի սպաների ժամանումից հետո ամերիկացի դիվանագետները սկսել էին զեկուցել տարօրինակ առողջական խնդիրների մասին։ «Տարօրինակ զուգադիպություններ» գրանցվել են նաեւ Բելգրադում եւ Հանոյում 2021 թվականին։
2021 ովականին ամերիկացի դիվանագետներից մեկի կնոջ մոտ համանման ախտանիշներ է հայտնաբերվել նաեւ Վրաստանում, որը կրկին համընկել է 29․155 զորամասի աշխատակիցների ուղեւորության տվյալների հետ։
«Հավանայի համախտանիշի» երկու ենթադրյալ զոհեր լուսանկարներից ճանաչել են հարձակումները իրականացրած ենթադրյալ ռուս գործակալներին։ Մայնի Ֆրանկֆուրտում մինչ առողջական վիճակը վատանալը դիվանագետներից մեկը նշել էր, որ տեսել է Եգոր Գորդիենկոյին, իսկ Թբիլիսիում՝ Ալբերտ Ավերյանովին՝ 29․155 զորամասի հրամանատար, գեներալ Անդրեյ Ավերյանովի որդուն։
ՌԴ ԳՀՎ-ից արտահոսքի շնորհիվ լրագրողներին հաջողվել է պարզել, որ 29․155 զորամասի հրամանատարի տեղակալ Իվան Տերենտեւը հրահանգ է ստացել ուսումնասիրել «քաղաքում ռազմական (մարտական) գործողությունների ժամանակ ոչ մահաբեր ակուստիկ զենքի պոտենցիալ հնարավորությունները»։
Հետաքննության հեղինակները եզրակացնում են, որ թեեւ «ակուստիկ զենքի» կիրառման մեջ ԳՀՎ -ի ներգրավվածության օգտին ուղղակի ապացույցներ չկան, այնուամենայնիվ նոր տվյալների ի հայտ գալուց հետո «ամերիկյան իշխանությունները կարող են վերանայել իրենց տեսակետները «Հավանայի համախտանիշի» նկատմամբ։
ԱՄՆ իշխանությունները դեռ չեն ճանաչել «Հավանայի համախտանիշի» դեպքերը որպես արտաքին ազդեցությունների հետեւանքով առաջացած իրական հիվանդություն, իսկ բողոքները բացատրվել են հոգեկան խանգարմամբ։