Վաշինգտոնը շարունակում է խրախուսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդար եւ արժանապատիվ խաղաղության պայմանների ստեղծման գործընթացը։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանից հնչող հայտարարություններին, թե իբր հայկական կողմը զորքեր է կուտակում սահմանագոտու տարբեր հատվածներում եւ կատարում ամրաշինական աշխատանքներ Միլլերը ընդգծել է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը նման բան չի արձանագրել։
«ԵՄ դիտորդական առաքելությունը երեկ հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանը հանգիստ եւ խաղաղ է եղել, եւ չնայած այդ հայտարարություններին, զորքերի եւ հրետանու արտասովոր տեղաշարժեր չկան։ Մենք զգուշացնում ենք եւ կշարունակենք զգուշացնել սահմանի երկայնքով սրվող հռետորաբանությունից կամ ռազմական գործողություններից»,-ասել է Միլլերը։
Հաջորդիվ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է խրախուսել տարածաշրջանում արդար եւ արժանապատիվ խաղաղության պայմանների ստեղծումը, որտեղ կհարգվեն են բոլորի իրավունքները։
«Կայուն խաղաղություն ապահովելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանն է»,-նշել է խոսնակը։
Լրագրողի հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն ձեռնարկելու է որեւէ դիվանագիտական քայլ Ադրբեջանի կողմից իրադրության սրումը կանխելու համար Միլլերը պատասխանել է․ «Մենք շարունակում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի համար հստակեցնել, որ լարվածությունը ձեռնտու չէ որեւէ մեկի համար։ Ես հասանելիություն չունեմ դիվնագիտական երկխոսություններին, որոնք կկարողանայի դիտարկել»։
Անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի սպասվող եռակողմ հանդիպմանը Միլլերը կրկին հիշեցրել է, որ այն կենտորնանալու է Հայաստանի տնտեսական հարցերի վրա եւ դրանում չեն քննարկվելու Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հետ կապված հարցեր։
«Կրկին, հիշեցնեմ, որ այս հանդիպումը Հայաստանի բարեփոխումների եւ նրա ժողովրդավարության, տնտեսության եւ ճկունության մասին է: Խաղաղության գործընթացը այս հանդիպման կիզակետում չէ։ Սա հանդիպում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ՝ քննարկելու տնտեսական դիվերսիֆիկացումը, մարդասիրական օգնությունը, փախստականների աջակցությունը եւ Հայաստանի քաղաքական բարեփոխումներին աջակցելը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը: Սա տարածաշրջանի վրա կենտրոնացող հանդիպում չէ»,-ընդգծել է Միլլերը։