«Շառլ Ազնավուր-100» միջոցառումների շարքը Գյումրիում մեկնարկել է «Ռընե Հովիվ. Շառլ Ազնավուր» ցուցադրության բացումով:
14 գծանկարներով եւ դրանց մոտիվներով ստեղծված անիմացիոն հինգ աշխատանքներով Ռընե Հովիվ ֆրանսահայ երգիծանկարիչը Գյումրու Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում էր հավաքել արվեստագետների ու արվեստասերների ոչ միայն Հայաստանից, այլեւ արտերկրից:
Ռընե Հովիվը (Խորեն Հովիվյան) Ֆրանսիայում հայտնի արվեստագետ է, բայց Հայաստանում նրան սկսեցին ճանաչել վերջին տարիներին։
Գյումրու Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի տնօրեն Կարեն Բարսեղյանն ասում է՝ Ռընե Հովիվ արվեստագետին բացահայտել է, երբ մի քանի տարի առաջ մայրաքաղաքում մասնակցել է «Ֆակտում» եւ «Ակտուալ Արվեստ» հասարակական կազմակերպությունների նախաձեռնած «Վերադարձ դեպի Արարատ» ցուցահանդեսին:
«Ուշադրությունս գրավեց մի անկյուն, որտեղ Շառլ Ազնավուրին նվիրված երգիծանկարներն էին ցուցադրված: Այնքան տպավորված էի, որ «Շառլ Ազնավուր-100» միջոցառումների շարքը սկսելու առաջարկը ստանալուն պես դիմեցի կազմակերպիչներին եւ առաջարկեցի դրանք բերել Գյումրի»:
«Շառլ Ազնավուր եւ Ռընե Հովիվ արվեստագետները Մեծ եղեռնից մազապուրծ սերնդի ամենավառ ներկայացուցիչներ են, ովքեր ստեղծագործել են իրար հետ, իրար համար՝ ստեղծելով նոր Հայաստան»,-ասում է Գյումրու համայնքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։
Արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանին ցուցադրության բոլոր մանրամասները դուր էին եկել, սակայն մեկ նկատառում ուներ. «Այս աշխատանքները ծաղրանկարներ չեն, սրանք ժպիտանկար են: Ինչպես որ Շառլի ձայնն էր քանդակներ ստեղծում, այնպես էլ Ռընեն էր դա տեսնում ու գծերի միջոցով փոխանցում հանդիսատեսին: Շառլը շատ քիչ էր շարժվում, բայց գիտենք՝ ինչքան մինիմալ է ժեստիկուլացիան, այնքան ամեն մի տատանում դառնում է իրադարձություն: Ռընեն հենց այդ շարժումն է որսացել ու փոխանցել»:
Լուսանկարիչ, արվեստագետ Նվարդ Դալյանը Մոնրեալում է իմացել, որ Ռընե Հովիվի գծանկարներն անիմացիաներով գյումրեցի հանդիսատեսին են ներկայացվելու: Պատմում է, որ Հովիվի արվեստին ծանոթացել է «Ակտուալ արվեստի» հրատարակած ալբոմի միջոցով: «Այս ցուցադրությունը եւս մեկ առիթ է, որ հայ հանրությունը ճանաչի աշխարհասփյուռ իր արվեստագետներին»։
Ցուցադրությունը շրջիկ է: Մոտ օրերս Շառլ Ազնավուրը «կայցելի» Սյունիք, այնտեղից էլ այլ մարզեր:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։