ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 175 միլիոն դոլար գրավ է վճարել Նյու Յորքի դատարարնի խարդախության գործով որոշումը բողոքարկելու համար։ Այս մասին գրում է Bloomberg-ը։ Սա Թրամփին հնարավորություն է տվել խուսափել ակտիվների բռնագրավումից: Սկզբում նախկին նախագահը պետք է վճարեր 454 մլն դոլար, սակայն վերաքննիչ դատարանը զգալիորեն նվազեցրել է գրավի չափը։
Փետրվարին Նյու Յորքի դատարանը Թրամփին մեղավոր է ճանաչել քաղաքացիական խարդախության գործով։ Որոշման մեջ ասվում է, որ նախկին նախագահը մեկ տասնամյակի ընթացքում ուռճացված ձեւերով է ներկայացրել իր կարողությունը՝ բանկերին խաբելու եւ վարկի ավելի լավ պայմաններ ստանալու համար:
Քաղաքական գործչին եւ նրա ընկերությանը պարտավորեցրել են վճարել 355 միլիոն դոլար տուգանք։ Թրամփին նաեւ արգելվել էր Նյու Յորքում գրանցված ցանկացած կորպորացիայի մեջ ղեկավար պաշտոններ զբաղեցնել առաջիկա երեք տարում։ Տոկոսների հետ միասին ընդհանուր տուգանքը կազմել է 454 մլն դոլար։
Թրամփը բողոքարկել է դատարանի որոշումը, սակայն եթե այն մերժվի, նախկին նախագահը պետք է վճարի ամբողջ գումարը։
Եթե նախկին նախագահը չկարողանար վճարել 175 միլիոն դոլար գրավը, գրում է BBC-ն, ապա նրա ողջ անշարժ գույքը կարող էր հայտնվել բռնագրավման սպառնալիքի տակ, այդ թվում՝ Մանհեթենի Trump Tower երկնաքերը եւ Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի կալվածքը։