Իսրայելական բանակը Գազայի հատվածում գնդակոծել է «World Central Kitchen» բարեգործական կազմակերպության մարդասիրական ավտոշարասյունը։ Այս մասին հայտնում է կազմակերպությունը։
Միջադեպի հետեւանքով զոհվել է յոթ մարդ, նրանց թվում են Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի եւ Լեհաստանի քաղաքացիներ։
World Central Kitchen-ը հարձակումն անվանել է «աններելի»՝ ընդգծելով, որ ավտոշարասյան մեքենաները բրենդավորված են եղել կազմակերպության տարբերանշաններով, իսկ շարժն իրականացվել է իսրայելական բանակի հետ համաձայնեցված:
Կազմակերպությունը հայտարարել է, որ անորոշ ժամանակով կդադարեցնի գործունեությունը Գազայի տարածքում։
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը ցավակցություններ է հայտնել World Central Kitchen-ի զոհերի երկրներին եւ նրանց ընտանիքի անդամներին՝ հավաստիացնելով, որ Իսրայելի պաշտպանության բանակը եւ իսրայելական բոլոր պատասխանատու կառույցներն անում են հնարավորը խաղաղ բնակչությանը վնաս չպատճառելու համար։
«Միջադեպը կհետաքննվի լիազոր մարմինների կողմից՝ համոզվելու համար, որ կարվեն անհրաժեշտ եզրակացություններ՝ ապագայում մարդասիրական աշխատողների անվտանգությունն ապահովելու համար»,-հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարարը։