Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը (Հյուսիսային Կորեան) փորձարկել է միջին հեռահարության նոր բալիստիկ հրթիռ: Փհենյանի հարակից շրջանից արձակված հրթիռը անցել է մոտ 600 կիլոմետր՝ թռչելով դեպի արեւելք, եւ ընկել է Կորեական թերակղզու եւ Ճապոնիայի միջեւ գտնվող ծովը։ Այս մասին հայտնում է Հարավային Կորեայի գլխավոր շտաբը։
Սեուլը Հյուսիսային Կորեային մեղադրել է հերթական սադրանքի մեջ։ Yonhap գործակալության փոխանցմամբ՝ հարավկորեացի զինվորականները չեն բացառել, որ Հյուսիսային Կորեան կարող է փորձարկել գերձայնային մարտագլխիկով միջին հեռահարության հրթիռ։
Փհենյանը ավելի վաղ հայտնել էր, որ մարտին հաջողությամբ փորձարկել է պինդ վառելիքով աշխատող նոր շարժիչ, որը նախատեսված է գերձայնային հրթիռի համար: Միաժամանակ հաղորդվում էր, որ հրթիռը կարող է միջուկային մարտագլխիկ ունենալ, իսկ զինատեսակն ինքնին կարող է ռազմավարական հետաքրքրություն ներկայացնել։
Ճապոնիան դատապարտել է Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումները։
Հյուսիսային Կորեայի վերջին փորձարկումների մասին հաղորդագրությունները հետեւում են ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների վերահսկման ՄԱԿ-ի խմբի վերջերս հրապարակված զեկույցին, որտեղ մանրամասներ էր ներկայացվել Ռուսաստանին Հյուսիսային Կորեայից զինամթերքի մատակարարումների մասին: