Աառաջիկայում կկայանա Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմար Տոկաեւի Հայաստան նախատեսված պաշտոնական այցը։
Այս մասին ասվում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինի համանախագահությամբ տեսակապի ձեւաչափով կայացած Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի վերբաերյալ ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ:
Դրանում նշվում է, որ փոխվարչապետ Գրիգորյանը ընդգծել է երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի առաջմղման, ինչպես նաեւ նոր հեռանկարային ուղղությունների բացահայտման գործում միջկառավարական հանձնաժողովի կարեւոր դերակատարման մասին:
«Մեր նպատակն է հայ-ղազախական գործակցությունն էլ ավելի դինամիկ, արդյունավետ եւ փոխշահավետ դարձնել՝ ի շահ մեր երկրների եւ մեր քաղաքացիների։ Մենք մտադիր ենք զարգացնել առեւտրատնտեսական համագործակցությունը, խթանել ներդրումները, ապահովել դրանց պաշտպանությունը, զարգացնել ենթակառուցվածքային կապերն ու առեւտուրը»,- նիստի ընթացքում նշել է Գրիգորյանը:
Անդրադառնալով տրանսպորտային եւ լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման կարեւորությանը՝ փոխվարչապետ Գրիգորյանը նշել է տարածաշրջանի համար խոշոր ենթակառուցվածքային նախագծի՝ «Խաղաղության խաչմերուկ»-ի դերակատարությունը, որը ենթադրում է մի շարք տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծում եւ արդիականացում: