Ադրբեջանը կասկածի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն մարտի 2-ին Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ելույթում Սեժուրնեն ընդգծել է, որ Բլինքենի հետ տարածաշրջանային հարցերը քննարկելիս խոսվել է նաեւ Հայաստանի տարածքային ամբողջականության մասին։
«Մենք խոսել ենք նաեւ Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, որն այժմ սպառնալիքի տակ է դրել Ադրբեջանը, եւ թույլ տվեք ասել ձեզ, թե որքանով ենք մտահոգված այդ խնդրով, հաշվի առնելով, որ Բաքվի հռետորաբանությունը էլ ավելի է չափից դուրս դառնում»,-նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը:
Սեժուրնեն ւնդգծել է, որ Հայաստանին լարվածություն հրահրելու մեջ մեղադրող բազմաթիվ կեղծ լուրեր են ստացվում, եւ դա չնայած այն հանգամանքին, որ «Հայաստանը հավանաբար միակ երկիրն է, որը ցանկանում է եւ փորձում է խուսափել հակամարտությունից աշխարհի այդ հատվածում»:
Ֆրանսիայի արտգործնախարարը նաեւ կարծում է, որ Ադրբեջանի քայլերը նմանություններ ունեն այն ամենի հետ ինչ Ռուսաստանն է անում Ուկրաինայի հետ հակամարտության պարագայում, որին պետք է աշխարհը ուշադրություն հրավիրի հատկապես նոյեմբերին Բաքվում սպասվող ՄԱԿ Կլիմայի փոփոխության համաժողովից (COP29) առաջ:
«Եթե ուշադիր դիտարկենք, ապա կգտնենք շատ ընդհանուր տարրեր եւ կնկատենք նմանություններ այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի եւ Ուկրաինայի պարագայում, եւ ես կարծում եմ, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք դրան Բաքվում COP29-ից 6 ամիս առաջ»,-ասել է Սեժուրնեն։
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը անպատասխան չի թողել Ֆրանսիայից հնչած հայտարարությունները։ Մարտի 3-ին տարածված հաղորդագրության մեջ Բաքուն «անհիմն» է որակում Ֆրանսիայի արտգործնախարարի հնչեցրած մեղադրանքները եւ կոչ է արել Փարիզին «դադարեցնել ապակառուցողական գործունեությունը»:
Հայտարարության տեքստում նշվում է, որ Սեժուրնեի հայտարարությունը «տարածաշրջանում ակնհայտ լարվածություն ստեղծելու եւ խաղաղության գործընթացը խոչընդոտելու Ֆրանսիայի ջանքերի հերթական ակնհայտ օրինակն է»։
Բաքուն նաեւ Փարիզին կոչ է արել չխաթարել երկրի իմիջը։
«Երբ Ադրբեջանը որպես COP29 կազմակերպիչ պատասխանատու դեր է իրականացնում, մենք համարում ենք, որ Ֆրանսիայի եւ ամբողջ աշխարհի համար ավելի շահեկան է խուսափել երկրի իմիջի խաթարմանն ուղղված եւ մեր նախագահությունը թիրախավորող նման կոչերից»,-ասվում է Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարության տեքստում։